Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Դեմոկրատիան ինքնին անկայուն համակարգ է: Դա նշանակում է, որ պետության ապագան կախված է լոռեցի Համբարձումի, սյունեցի Մխիթարի, գյումրեցի Վաղինակի, երրորդմասցի Զորիկի ու կոմիտասցի Նվարդի, ով մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի կորդինատորն է, նախագահ դառնալու երազանքներ ունեցող լրագրող Սլավիկի ու շատ շատերի հարափոփոխ պատկերացումներից, ընկալումներից ու այդ պահի տրամադրությունից:
Վերը նշված քաղաքացիներին անկեղծորեն հարգում եմ և նույնը կարելի է ասել ցանկացած երկրի քաղաքացիների մասին: Անկախ նրանից, թե նրանց անունը կլինի Հովհաննես, Ջոն, Ժակ, Ջոակիմ, թե Յոհան, նրանք չեն կարող ապահովել արտաքին ու ներքին քաղաքականության ավանդույթները, միջազգային պարտավորությունները ու հասկանալ իրավունքի խորխորատները:
Այդ դեպքում առաջանում է, բա ինչ անել՝ հրաժարվել դոմոկրատիայից, թե՝ ոչ:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու, ասենք Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ամերիկայում դեմոկրատիան՝ նկատի ունեմ իսկական ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը, և մյուս իշխանության ճյուղերի աշխատանքի ապահովումը հաջողվում է, սակայն, ասենք Ղազախստանում, դա չի հաջողվում: Ինչն է պատճառը:
Կարծում եմ, որ սա շատ կարևոր է հասկանալ: Կան երկրներ, որտեղ դեմոկրատիան հաջողվում է, որովհետև կան ստվերային մեխանիզմներ, որոնք հետևում են դեմոկրատիայի աշխատանքին ու երբ համակարգը սկսում է խոտորվել, այն կարգի են գցում, թեկուզ վիրահատական եղանակներով:
Օրինակ, Բրիտանիայում թագուհուն ոչ ոք չի ընտրում, սակայն վտանգավոր զարգացումների դեպքում նա կարող է ցրել խորհրդարանը և նշանակել կառավարություն, ում որ ցանկանում է: Կարող է, բայց չի անում, որովհետև դրա համար խիստ հիմնավոր պատճառներ պետք է լինեն: Թագուհին ատրճանակի այն վերջին փամփուշտ է, որը ծայրահեղ դեպքում կարող է կրակել։
Ամերիկայում կան վերպետական ուժեր, խորքային պետություն, հատուկ կառույցներ, որոնք վերահսկում են պետությունը ու ասենք Թրամպին կարող են զրկել խոսքից սոցցանցերում, պարալիզացնել նրա որոշումները Կոնգրեսում, ու վերջապես կա Գլխավոր Դատարանը, որիխոսքը վերջնական է ու անբեկանելի։ Դրանցից բացի կան վերջապես գլոբալ ֆինանսները վերահսկողներ: Վերջիններիս մասին չեմ ցանկանում օրինակներ բերել, շատ կոնկրետ ու արձանագրված հավաստի աղբյուրներով, դրա վրա ժամանակ չծախսենք:
Այդ մեխանիզմներն արդեն ժողովրդից կախած չեն։ Այսինքն իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն կան իշխանությունը ժողովրդից փրկելու մեխանիզմներ։
Սակայն կան երկրներ, որտեղ իրական իշխանությունը հենց ինքն իսկական իշխանությունն է, առանց վերիշխանական մեխանիզմների գոյության և իրական դեմոկրատիայի պայմաններում նման երկրները կարող են ուղղակի փլուզվել, որովհետև իշխանոթյունը ժողովրդի ամենաթողությունից փրկելու վթարային մեխանիզմներ չկան։
Օրինակ Ղազախստանում այդ ամենը չկա, այնտեղ նախագահը սուլթան է, նրա իշխանությունն իրական է, բնականաբար, սահմանափակված կլանային համակարգով, բայց նա է “արբիտրն” ու որոշում կայացնողը: Պատկերացրեք, որ Ղազախստանում լինեն իրական ընտրություններ ու իշխանությունը փոխվի, որից դժգոհ կմանան 4 գլխավոր մրցակից ցեղախմբերի՝ ժուզերի ներկայացուցիչները, այնտեղի ույղուրները, ռուսները ու բազմաթիվ այլ հպարտ քաղաքացիներ, իսկ եթե մի երկու նիկոլ էլ հայտնվի ու առաջարկի թալանածը կոպեկ առ կոպեկ ետ բերել, այդ երկիրն ուղղակի կպայթի։ Դրա համար Ղազախստանում դեմոկրատին, չունենալով վերպետական վերահսկման մեխանիզմներ ու կառույցներ՝ թեկուզ ստվերային, կարող է ուղղակիորեն փլուզել երկիրը։ Այսինքն, այնտեղ կլինի այն, ինչը եղավ Հայաստանում, բայց ավելի մեծ մաշտաբներով։
Եթե չկան հպարտ քաղաքացիների տարաբնույթ ու հարափոփոխ բնազդներն ու հույզերը զսպող մեխանիզմներ ու կառույցներ, ստվերային, կամ ոչ ստվերային, դեմոկրատիան կարող է կործանարար լինել։
Մի խոսքով, սիրիր ու ձգտիր դեմոկրատիային, բայց գիշերային պահակին զինիր փայտով»։
Ձգտիր դեմոկրատիայի, բայց գիշերային պահակին զինիր փայտով
——————————Դեմոկրատիան ինքնին անկայուն…
Posted by Stepan Danielyan on Friday, April 23, 2021