Մոսկվայից Հայաստան է տեղափոխվել Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության կասկածանքով 49-ամյա հետախուզվողը. shamshyan.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մոսկվայից Հայաստան է տեղափոխվել Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության կասկածանքով 49-ամյա հետախուզվողը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից, ով կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա թաքնվելու վայրը պարզելու համար հսկայածավալ աշխատանքներ են կատարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները և երբ համոզված են եղել նրա գտնվելու վայրի մասին, արդեն համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ՝ կատարել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ Վ. Թումանյանն ինքնակամ ներկայացել է ՌԴ-ում տեղի իրավապահներին։

Երեկ՝ ապրիլի 26-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Վ. Թումանյանը տեղափոխվել է Հայաստան և օդանավակայանից նրան տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչի միջնրդությունը և նշված անձինք կալանավորվել էին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com