Երևանում հրկիզել են Գանդիի արձանը. քաղաքապետարանը դատապարտում է և վանդալիզմ որակում. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանում հրկիզել են Գանդիի արձանը. քաղաքապետարանը դատապարտում է և վանդալիզմ որակում. armeniasputnik.am

Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը աղմուկ է բարձրացրել մամուլում և սոցցանցերի հայկական տիրույթում։

Նշենք, որ հուշարձանը տեղադրվել էր նախորդ տարի՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ՝ Երևանի ավագանու որոշմամբ։  Այն յուրահատուկ բարեկամական ժեստ էր պաշտոնական Նյու Դեյլիի նկատմամբ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը  դատապարտեց կատարվածը`այն անվանելով վանդալիզմ։

«Այս քրեական հանցանքն ինքնին նողկալի է և միանգամայն անընդունելի, բացի այդ դրա մոտիվները որևէ կերպ հասկանալի չեն»,-ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը  պետք է բավականի խիստ գնահատական տա կատարվածին, որովհետև երևույթը շատ տհաճ է և Հայաստանին պատիվ չի բերում։

Անդրադառնալով Երևանում գտնվող հուշարձանների պահպանությանը`Հակոբ Կարապետյանը շեշտեց, որ Երևան քաղաքում հարյուրավոր հուշարձաններ կան և արդարացված չի լինի դրանց մոտ հատուկ պահպանության միջոցների կիրառումը։

Նրա համոզմամբ՝ ոստիկանությունն այնքան խիստ միջոցներ պետք է կիրառի, որ բացառվեն վանդալիզմի դեպքերը։

Նշենք, որ հուշարձանի հետ կապված աղմուկը գրեթե համընկել է  Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ։  Բանն այն է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում փոքրիկ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակում է  Հայոց ցեղասպանության  106-րդ տարելիցը» ։ Օգտագործվել էր հենց «ցեղասպանություն» եզրույթը։  Բայց մի քանի ժամ անց գրառումը  խմբագրվել էր և «ցեղասպանություն» բառը հանվել։ Ստացվել էր՝ «Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակում է  զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը։ Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք է մատուցել այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։

Դրանից մի քանի օր անց` ապրիլի 28–ին, անհայտ անձինք հրկիզել էին  Գանդիի հուշարձանը։ Հայկական մի շարք Telegram-ալիքներ ապրիլի 28-ի երեկոյան հրապարակել էին  լուսանկարներ, որոնցում արձանը կրակի մեջ էր: Իսկ դրանից երկու օր առաջ հուշարձանի վրա հավի ձվեր էին նետել։

armeniasputnik.am