Երևանի Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածն այսօր առավոտյան մի քանի ժամով գրեթե անանցանելի էր դարձել ջրատարի վթարի պատճառով։
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօր առավոտյան` ժամը 08:30-ի սահմանում, ահազանգ են ստացել, որ Նուբարաշենի խճուղում ջրի կուտակումներ կան: Դեպքի վայր են մեկնել ընկերության մասնագետները և պարզել, որ վթարվել է Արին Բերդ կարգավորիչ ջրամբարից դեպի Նոր Արեշ իջնող խողովակաշարը (600 մմ տրամագծով)
«Ջրի հոսքը եղել է վայրկյանում 110 լիտր, ինչը հանգեցրել է ջրի կուտակման։ Փականներն անմիջապես փակվել են, ջրի հոսքը դադարեցվել է, և արդեն 9։15 սկսվել են վթարի վերացման աշխատանքները», – ասաց Սարգսյանը։
Նա շեշտեց` ջրի կուտակումներ չէին լինի, եթե նման դեպքերի համար նախատեսված անձրևաջրերի հեռացման խողովակները խցանված չլինեին, ինչն իրենց սպասարկման տիրույթից դուրս է։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում և տեսագրություններում երևում է, որ մեքենաները մեծ դժվարությամբ են անցել ջրի միջով։ Վարորդներից շատերը կորցրել են պետհամարանիշները։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը դեպքի վայր հասավ այն պահին, երբ ջուրն արդեն հեռացրել էին, իսկ տեղում աշխատում էին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները։
Sputnik Արմենիան տեղում արձանագրեց, թե ինչպես են քաղաքացիները հավաքում ավտոմեքենաների համարանիշները։
Ինչ վերաբերում է Էրեբունի շրջանի ջրամատակարարման վերականգնմանը, ապա ընկերությունում վստահեցրին, որ խնդիրը կլուծվի մինչև 21:00-ն: