Հայ ռազմագերիները VICE World News–ին պատմել են Արցախում պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի զինվորների կողմից դաժան բռնությունների մասին:
Ուշ գիշեր էր, երբ 20-ամյա Արմենը քնած էր լքված տնակում, երբ նրան արթնացրին հանկարծակի կրակոցները: Նա դուրս վազեց խրճիթից, որպեսզի կրակոցների ուղղությունը հասկանա՝ թողնելով յոթ ընկերներին խրճիթում, և անմիջապես ընկավ ադրբեջանցի զինվորների կրակահերթի տակ։
«Ադրբեջանցիները սկսեցին կրակել մեզ վրա, բայց մենք նրանց չէինք տեսնում: Մենք բոլորս վիրավորվել էինք, նրանք սկսեցին մեզ վրա բղավել՝ ռուսերեն խոսելով, ասելով, որ հանձնվենք. մեզ կհանձնեն Կարմիր խաչին»:
Զինվորները ստիպված հանձնվել են և ադրբեջանցի զինծառայողները անմիջապես սկսել են ծեծել իրենց: Արմենին ոտքերով հարվածներ հասցնել գլխին և մետաղական շամփուրով վնասել մարմինը: Ադրբեջանցի զինծառայողները նրա ձեռքերն այնքան ամուր էին կապել, որ դաստակների վրա սպիեր կան մինչև հիմա:
Հայ զինվորներին Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունք տեղափոխելուց հետո ծեծերը շարունակվել են: Արմենը պատմում է, որ իրեն հարվածել են բռունցքներով, ոտքերով, ինչպես նաև փայտի կտորներով հարվածներ են հասցրել գլխին: Նա գլխին վնասվածքներ ուներ, աչքերը ուռած էին:
«Ռազմական ոստիկանությունը չի հարցաքննել, նրանք միայն ծեծել են մեզ: Առաջին օրը նրանք շղթաներով ինձ գամել են մարտկոցին, ամբողջ գիշեր այդպես նստած մնացի հատակին: Ցավից չէի կարողանում քնել: Դեմքս, աչքերս և ծունկս ցավում էին»,- պատմում է Արմենը:
Արմենի պատմությունը, որ շուրջ մի քանի ամիս գերության մեջ էր գտնվում մինչև ազատ արձակվելը, միակը չէ: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե հայ ռազմագերիների հետ վարվել է` համաձայն Ժնևի կոնվենցիայի:
Հայաստան վերադարձած ռազմագերիներից շատեր են պատմում, որ բանտում իրենց սնունդ են տվել և բուժել են, բայց նաև ծեծել են ու խոշտանգել:
19-ամյա Դավիթը ասում է, որ ադրբեջանցիները բռնել են իրեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ճանապարհին գտնվող գյուղերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: Նրա ստորաբաժանման բոլոր զինվորները զոհվել են ռազմական գործողություններում կամ մահացել են ծարավից՝ մի քանի օր մնալով առանց սննդի և ջրի:
Դավիթը միայնակ էր մնացել մի հայ երիտասարդ կամավորի հետ, որին նա հանդիպել էր պատերազմի ժամանակ: Վերջինս Դավիթին ասել էր, որ նա ավելի շուտ կմահանա, քան գերի կընկնի ադրբեջանցիներին: Երբ թշնամու զինվորները մոտեցել են, Դավիթը տեսել է, թե ինչպես է կամավորն ինքն իրեն գլխից կրակում:
Դավիթի խոսքով` ադրբեջանցիները իրեն նախ ջուր տվեցին և վիրակապեցին վերքերը, որպեսզի արնահոսությունից չմահանա: Հետո կապեցին նրա ձեռքերը և դաժան ծեծեցին: Ավելի ուշ նրան տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրակապել են նրա վերքերը, հաց ու ջուր տվել:
«Նրանք ինձ այնտեղ պահեցին 4 կամ 5 օր, իսկ հետո տեղափոխեցին քննչական բաժին»,- նշում է Դավիթը:
Հարցաքննությունների սենյակում Դավիթը ստիպված է եղել խոսել այնպիսի բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինչն էլ հետո հրապարակել են ինտերնետում։ Նրա խոսքով ՝ ադրբեջանցիները ստիպել են իրեն ասել, որ հայ զինվորականները ապավինում են վճարովի վարձկանների, այդ թվում ՝ քուրդ մարտիկների, որպեսզի պատերազմեն Ադրբեջանի դեմ:
Դա ճիշտ չէ, բայց Դավիթի խոսքերով՝ ինքն այլ ելք չուներ, քան կրկնել այն ամենն, ինչ իրեն ասում էին ադրբեջանցիները:
«Սենյակում կային էլեկտրաշոկերներ ու մահակներ: Ինձ ասացին, որ ծեծելու են մինչև մահ, եթե ես չասեմ այն, ինչ ուզում են լսել»,- պատմում է Դավիթը: Վերջինս ունի նաև վատ տեսողություն ունի, և ադրբեջանցի զինվորականները վերցրել ու կոտրել են նրա ակնոցը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Կարմիր խաչը Դավիթին նոր ակնոց տվեց, ադրբեջանցիները միևնույնն է դա էլ կոտրեցին:
Հայաստանից 25-ամյա Վազգենը, գերի է ընկել Հադրութի մոտակայքում՝ Ադրբեջանի կողմում պատերազմող վարձկանների հետ փոխհրաձգությունից հետո: Նա ծանր վիրավորվել է: Եվ մինչ վարձկանները կբռնեին նրան, Վազգենը յոթ օր անշարժ պառկած է մնացել և կերել մոտակա ծառից ընկած խնձորները: Վարձկանները արնահոսող Վազգենին հասցրել են Ադրբեջանի ռազմական ստորաբաժանում: Ըստ նրա, հաջորդ մի քանի ժամվա ընթացքում իրեն տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը և դաժան ծեծի ենթարկել:
«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը խրեցին որովայնիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ էին լցնում աչքերիս և այրում ձեռքերս: Մահակներով ծեծում էին: Ամեն անգամ, երբ ինձ հանձնում էին զինվորների նոր խմբին, ինձ ծեծում ու խոշտանգում էին »,- հիշում է Վազգենը: Նրան ստիպել են տեսախցիկի առաջ վիրավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մոտավորապես 60-ից 220 անձ դեռ գերի է մնում Ադրբեջանում: Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ այդ բանտարկյալներից շատերը խոշտանգումների են ենթարկվել: Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ բանտարկյալները ոչ ավելին են, քան իրենց սահմանը անօրինական հատած ահաբեկիչներ։ Human Rights Watch կազմակերպությունը հայտնում է, որ շատ գերիներ, ինչպես Արմենը, ենթարկվել են խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող արարքների։