«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թիրախը դառնալու է հենց Իրանը». Արտյոմ Տոնոյան
Advertisement 1000 x 90

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թիրախը դառնալու է հենց Իրանը». Արտյոմ Տոնոյան

Ներկայացնում ենք Արտյոմ Տոնոյանի գրառումը.

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թիրախը դառնալու է հենց Իրանը, ավելի կոնկրետ՝ Ատրպատականը, որի հավանականության մասին, ի դեպ, ոչ մեկ անգամ էին խոսել խնդրին տեղյակ մեր մասնագետները դեռ տարիներ առաջ։

Կարծես ամեն ինչ գնում է՝ ըստ այդ կանխատեսումների և առանց շեղումների։

Այս տարվա մարտի 18-ին հակաիրանական անջատողական քարոզչության ամենախոշոր ռեսուրսներից մեկը՝ «GünAz TV»-ն, ԻԻՀ տարածքում իր արբանյակային հեռարձակումը կայուն և մշտապես հասանելի դարձնելու համար սկսեց օգտվել արբանյակային կապի ծառայություններ մատակարարող ադրբեջանական պետական «Azerspace 1» հեռահաղորդակցային արբանյակի հնարավորություններից։

Մինչ այդ ամեն ինչ արվում էր ֆորմալ առումով «GünAz TV» անունն Ադրբեջանի պետական հիմնարկությունների հետ չկապելու համար, չնայած այդ հեռուստաալիքի հիմնադիր տնօրենը՝ ամերիկաբնակ շահսեվար Ահմադ Օբալըն, 2017թ.-ին խոստովանել էր, որ «GünAz TV»-ն, թեև ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում և այլ երկրներում, սակայն գրասենյակներից ամենամեծը գործում է հենց Բաքվում։

Եւ, ահա, Ահմադ Օբալըն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե որն է ԻԻՀ տարածքում «GünAz TV»-ի արբայնակային հեռարձակումը Ադրբեջանի պետական «Azerspace 1»-ի միջոցով կազմակերպելու հիմնական պատճառը.

«Ինչպես գիտեք GünAz TV-ի հիմնական թիրախը Հարավային Ադրբեջանն է։ Ղարաբաղի պատերազմից հետո մնացել է մի դժվար հարց, որը դեռ չի լուծվել։ Դա վերաբերում է Հարավային Ադրբեջանի 30 միլիոն ադրբեջանցիների ճակատագրին և նրանց ոտնահարվող իրավունքներին։ Azerspace-ի միջոցով մեր հեռուստաալիքի հեռարձակման կազմակերպումն էլ ավելի է ընդլայնելու մեր լսարանը։ Սա մեծ հաջողություն է, որը մեզ անասելի ուժ է տալիս։ Շնորհակալ ենք այս ամենի համար»»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10220768799030595

 



Նման նյութեր