ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը: