Այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում հնչած կրակոցներից առաջ վիճաբանություն է եղել։ Հարակից շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ժամը 7-ի մոտակայքում բակից վեճի ձայներ, հայհոյանքներ է լսել։
«Մի տղամարդ վիճաբանում էր երկու այլ տղամարդկանց հետ․ նրանցից մեկը երիտասարդ էր՝ մոտ երեսուն տարեկան, մյուսն ավելի մեծ էր։ Այդ երկուսի հետ վիճաբանողը հանկարծ հանեց զենքը ու սկսեց կրակել»,- պատմում է ականատեսը։
Կրակոցներից հետո համեմատաբար երիտասարդ տղամարդն ընկել է գետնին, մյուս տղամարդն էլ վիրավորվել է։
«Գոռում էր. «Հովո ջան, Հովո ջան․․․»»,– պատմում է ականատեսը։
Նրա խոսքով` կրակոցներ արձակած տղամարդն անմիջապես փախել է ավտոմեքենայով։
Հարակից շենքի բնակիչները սկսել են զանգել ոստիկանություն ու շտապօգնություն, մոտ 10 րոպեի ընթացքում դեպքի վայրում են եղել նաև ոստիկանները, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել։