Աջափնյակում 4 խոշոր ծառ են կտրել. ներողամտություն չի լինելու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աջափնյակում 4 խոշոր ծառ են կտրել. ներողամտություն չի լինելու

Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։

«Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները։  Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։

Երևանի քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին արդեն հանձնարարել է՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

Հաղորդագրության մեջ շեշտվում է` հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից։