Տավուշցի 15-ամյա ընկերները նախատեսում են Նոյեմբերյանում ՏՏ ընկերություն հիմնել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տավուշցի 15-ամյա ընկերները նախատեսում են Նոյեմբերյանում ՏՏ ընկերություն հիմնել

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող 15-ամյա ակտիվ երիտասարդները նախաձեռնել են իրենց բնակավայրում ստեղծել IT ընկերություն/լաբորատորիա, որը կզբաղվի եռաչափ տպիչով և CNC հաստոցով իրերի տպմամբ և մշակմամբ, հետագայում նաև ռոբոտաշինությամբ՝ ստեղծելով power bank-եր, գեներատորներ և սմարթ գաջեթներ։

«Protolab լաբորատորիայի բացման շնորհիվ մարզում կստեղծվեն աշխատատեղեր, ինչպես նաև կկոտրվեն բազում կարծրատիպեր»,- նշում են նախագծի հեղինակները։

Այս ստարտափի հետևում կանգնած են 15-ամյա երեք նորարարներ՝  Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը և 3D մոդելավորման ինժեներ Հրանտ Ղազինյանը: Չնայած երիտասարդ տարիքին, նրանք ունեն 2-3 տարվա փորձ ճարտարագիտության, 3D մոդելավորման և 3D տպագրության ոլորտում: Protolab- ի բոլոր հիմնադիրները Նոյեմբերյանի «Արմաթ»  ինժեներական լաբորատորիայի ուսանողներ են:

«Մենք խորապես հավատում ենք, որ Protolab-ի նման լաբորատորիաները կարող են հեղափոխություն մտցնել 3D տպագրության մեջ, խթանել տնտեսական աճը և ոգեշնչել Հայաստանի տարածաշրջանային երիտասարդներին չլքել իրենց հայրենի քաղաքները և գնալ մայրաքաղաք, այլ հետապնդել իրենց երազանքները իրենց մարզերում»,- ասում է նախագծի հիմնադիր Արգամ Ամիրաղյանը։

Նախագծի հեղինակները նշում են, որ, բարեբախտաբար, այսօրվա թվային դարաշրջանն անսահմանափակ հնարավորություններ է բացում հայերի համար, ովքեր ապրում են գյուղերում և փոքր քաղաքներում: Այս բիզնեսի հայեցակարգի հաջողությունը ոչ միայն ոգեշնչող օրինակ կհանդիսանա երկրով մեկ շրջապատող երիտասարդության համար, այլև պոտենցիալ կերպով կներշնչի հայ երիտասարդների հայրենադարձությունը Նոյեմբերյան, իսկ հետագայում` իրենց  ծննդավայրեր և գյուղեր:

Արգամ Ամիրաղյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ ProtoLab-ը տեխնոինժեներական լաբորատորիա է, որը գործելու է Նոյեմբերյան համայնքում։ Գլխավոր ուղղությունները լինելու են 3D մոդելավորումը, տպագրությունը և ռոբոտաշինությունը։

«Մենք արդեն մոտ 5 տարի «Արմաթ»  ինժեներական լաբորատորիայի սան ենք և ցանկանում ենք մեր գիտելիքներն օգտագործել ինչ-որ բան ստեղծելու մեջ։ Ներկա պահին Gofundme հարթակում սկսել ենք քրաուդֆանդինգ և արդեն հավաքել ենք 9000 դոլարից ավելի։ Երբ կհավաքվի անհրաժեշտ 15 հազար դոլարը, կսկսենք լաբի հիմնադրումը։

Ցանկանում ենք 12 ամսում ունենալ արտադրական կայուն կարողություններ և հնարավորություններ։ Լաբը գործելու է՝ որպես առանձին ստարտափ, բայց դեռ հստակ որոշված չէ, թե Նոյեմբերյան քաղաքում կոնկրետ որտեղ է աշխատելու։

Միմյանց հետ ծանոթացել ենք ու ընկերություն ենք անում դեռ առաջին դասարանից, ներկա պահին էլ սովորում ենք Նոյեմբերյանի ավագ դպրոցի 10-րդ բնագիտական դասարանում։ «Արմաթի»  շրջանակներում մասնակցել ենք Digicode և Robotex Armenia մրցույթներին»,- պատմում է Արգամը։

«Եթե Արգամն ու ընկերները կարողանան Նոյեմբերյանում հիմնել իրենց լաբը, ապա իմացեք, որ սա կլինի Տավուշի զարգացման մի նոր շրջան, քանի որ նրանք հավատ են ներշնչելու երեխաներին, օգնելու են, որ բոլորը հավատան իրենց և գնան իրենց նպատակների հետևից,- ասում է «Արմաթ»  ինժեներական լաբորատորիաների նախագծերի համակարգող Անի Ղազարյանը։

Պատանիների նախագծին աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://gofund.me/5fa186a6

Սիրարփի Աղաբաբյան