Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, երբ Շուշին արդեն ազատագրված էր, հակառակորդը հարձակման անցավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ: Մարտական գործողությունների սկզբում, ունենալով մարդկային և տեխնիկական նշանակալի գերազանցություն, թշնամին հասավ որոշակի հաջողության: Դեռևս մարտերն ընթացքի մեջ էին, երբ ադրբեջանական քարոզչամիջոցները շտապեցին ի լուր աշխարհի տարածել, որ իրենց զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սառնաղբյուրն ու հարակից Արանզամի, Դահրազ և Նախիջևանիկ գյուղերը: Այնինչ, օրվա վերջում պարզ դարձավ, որ թեժ մարտերից հետո, հակառակորդը դուրս է շպրտվել նշված բնակավայրերից:
Նույն օրը Մարտունու շրջանում տեղակայված թշնամական Կուրոպատկինո ռազմահենակետից և Ֆիզուլու շրջանից զանգվածային հրթիռահրետակոծության ենթարկվեց Մարտունի քաղաքն ու շրջակայքը, իսկ մեկ օր անց ՝ զրահատեխնիկայի և մեծաքանակ հետևակի ներգրավմամբ, , ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի պաշտպանական դիրքերի վրա:
Շնորհիվ ինքնապաշտպանության ուժերի վճռական գործողությունների և քաղաքացիական բնակչության դրսևորած անկոտրում կամքի Արցախի սահմանները մնացին անառիկ…
29 տարի անց՝ այս օրն իրավիճակը լրիվությամբ այլ է…
Հիշենք անցյալը և նորեն մեր մեջ վերագտնենք ազգային արժանապատվությունն անխոցելի պահող ուժն ու վճռականությունը… Իսկ դա մեր ժողովուրդը կարող է անել..»։