Հարգելի գործընկերներ
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որպիսի հանգամանքը դատավորի լիազորությունների դադարման հիմք է:
Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի:
Իրավական գործընթացների ամբողջ ընթացքում պահպանել եմ դատավորի զսպվածության և չեզոքության արգելքը:
Եվ չնայած որ այս պահի դրությամբ կարճված է իմ նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք շարունակական «հետապնդումներից»: Ասվածի ապացույցը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունն է:
Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է…
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց բարոյական աջակցությամբ հավաստեցին իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր այն անդամներին, ովքեր չվարանացեին պաշտպանել իրենց գործընկերների խախտված իրավունքները:
Դատավոր Կարինե Պետրոսյան