Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը

Սյունիքի մարզպետ, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանական զինուժի առաջխաղացման եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ տարածել է կեղծ տեղեկատվություն՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության ու ազգային շահի։

Այսպես՝ հակառակորդի առաջխաղացման մասին ահազանգերից հետո «Փաստինֆո»-ն մայիսի 12-ին կապ է հաստատել Պողոսյանի հետ՝ խնդրելով որպես մարզպետ, պաշտոնատար անձ, տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ահազանգերի վերաբերյալ։ Ժամը 13։30-14։00-ի սահմաններում հաջողվել է նրա հետ հեռախոսակապ հաստատել, որի ժամանակ վերջինս հայտարարել է . մեջբերում ենք. «ՀՀ պետական սահմանի որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։

Ավելին, ընդգծել է, թե ադրբեջանցիները եկել են դիտակետ դնելու եւ մոլորվել՝ նշելով, որ այդ պահին գնում է Սեւ լիճ։

Ավելի ուշ պաշտոնական այլ մարմիններ պաշտոնապես հաստատեցին, որ իրականում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, որի կապակցությամբ երեկ երեկոյան անգամ հրավիրվեց անվտանգության խորհրդի նիստ։

Սյունիքի մարզպետը պաշտոնապես կեղծ տեղեկատվություն տարածելու, ադրբեջանական շահերից բխող մեկնաբանություն տալու համար ներողություն խնդրելու փոխարեն՝ մայիսի 12-ի ուշ երեկոյան փորձեց «Փաստինֆո»-ին մեղադրել իր խոսքերը աղավաղելու մեջ։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքան էջում մայիսի 12-ին՝ ժամը 22.00-ին որպես հերքում տեղադրվեց մի հայտարարություն, թե Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում չի ասել, թե «հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»։

Մարզպետարանից հայտնում են, որ նա առավոտից գտնվել է Սեւ լճի տարածքում ու օրվա վերջում նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետեւաբար Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել եւս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է։

Հայտարարում ենք, որ Մ.Պողոսյանը ոչ միայն կարող էր, այլեւ իրեն թույլ է տվել պետական պաշտոնյային եւ գնդապետին ոչ հարիր նման վարքագիծ։

Եթե պաշտոնյաների համար իրենց խոսքը որեւէ արժեք չունի եւ կարող են առանց փաստերը ճշտելու հանդես գալ սեփական երկրի շահերին հակասող հայտարարությամբ, ապա «Փաստինֆո»-ն պատասխանատվությամբ է մոտենում հատկապես պատերազմական իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ճշգրտությանը՝ առաջնահերթություն տալով պաշտոնական մեկնաբանություններին։ Այլ հարց է, որ պաշտոնական լրահոսը շատ դեպքերում իր մեջ պարունակում է կեղծ տեղեկատվություն։ «Փաստինֆո»-ի խմբագրությունը պահպանել է Մ.Պողոսյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ կից հրապարակում ենք այն։

Պահանջում ենք, որ Սյունիքի մարզպետը պաշտոնապես ներողություն խնդրի նախ՝ կեղծ տեղեկատվություն տարածելու, ապա նաեւ՝ «Փաստինֆո-ի բարի համբավը արատավորելու փորձի համար։

Նման վարքագիծը հարիր չէ պետական պաշտոնյային։

Միաժամանակ՝ առաջարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ քննարկման առարկա դարձնել նրա գործողությունները։

Իր երկրի ազգային շահը գնահատող եւ ընդհանրապես, որեւէ այլ երկրում նման վարքագիծ դրսեւորած պաշտոնյան արդեն վաղուց ազատված կլիներ պաշտոնից։