Պետք է ինքնակազմակերպվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Մեկնաբանության մեջ դրված տեսանյութը վկայում է մեկ բանի մասին՝ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:
Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել:
Պետք է ստեղծել մեկ հարթակ, անվանումը դնենք պայմանական ինքնապաշտպանական շտաբ (կենտրոն), որը կազմված կլինի առնվազն երեք բաժիններից՝ անվտանգային, իրավական և տեղեկատվական-փորձագիտական:
1. Անվտանգային բաժնում կարող են ներգրավվել պահեստազորի սպաները և այլ զինվորականները, պատերազմին մասնակցած ջոկատները և այլ անհատները:
– գործառույթները՝
ա) կստեղծվի կամավորների ցանց Երևանում և բոլոր մարզերում.
բ) կկազմակերպվեն մարզումներ ներգրավված անձանց և այլ ցանկացողների հետ.
գ) կուսումնասիրվեն մեր թույլ կողմերը և պետական մարմիններին խորհրդապահական կարգով պաշտոնապես կառաջարկվեն ամրացնել այդ հատվածները:
2. Իրավական բաժնում կարող են ներգրավվել իրավաբանները (փաստաբանները):
– Գործառույթները՝
ա) միջազգային իրավունքի դաշտում օժանդակություն պետական իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց.
բ) ներպետական դաշտում օժանդակություն մեր հայրենակիցներին:
3. Տեղեկատվական-փորձագիտական բաժնում կարող են ներգրավել լրագրողները, ռազմական և այլ փորձագետները:
– Գործառույթները՝
ա) հասարակությանն իրազեկումը, եթե իշխանությունները փորձեն թաքցնել ադրբեջանական զավթման դեպքերը.
բ) մասնագիտական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ»,- գրել է նա: