Ինչ լուծում է գտել Ոստիկանությունը մեքենաների համարանիշների գողության դեպքերը կանխելու համար. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչ լուծում է գտել Ոստիկանությունը մեքենաների համարանիշների գողության դեպքերը կանխելու համար. armlur.am

ՀՀ ոստիկանությունը մտադիր է սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության եւ կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանությունը։ Պարզվում է՝ ոստիկանությունն այս օրինակը վերցրել է Հոլանդիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներից։

Իսկ մինչ այդ նշենք, որ այս խնդիրը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում կա, որի մասին ArmLur.am-ը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է․ մեր հանրապետությունում օր օրի ավելանում են պետհամարանիշների գողության դեպքերը, բայց դրանց չնչին տոկոսն է բացահայտվում։ Անհայտ անձինք գողանում են մեքենաների ե՛ւ դիմացի ե՛ւ հետեւի համարանիշները: Այս խնդրի առաջ հիմնականում կանգնում են գոլդ համարանիշներ ունեցող մեքենաների վարորդները:

Ի դեպ, պետհամարանիշները գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։ Այսինքն՝ վարորդները ստիպված են լինում իրենց սեփական համարանիշները կորչելու դեպքում նորից վճարել ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Սովորաբար վարորդները լուռ համաձայնում են գողերին վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերականգնում է միայն մեկ կորցրած համարանիշը։

Ի վերջո, ոստիկանությունը որոշել է զբաղվել այս հարցով։ Ըստ ոստիկանության՝ նախագծի ընդունումից հետո մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքերը կկանխվեն, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը կհատկացվի:

ՍՀ

armlur.am