Շատ ստեղծագործող մարդիկ ասում են, որ պայծառությունը, ստեղծագործական ջիղն անսպասելի է գալիս, առօրյա գործողությունների ընթացքում, որոնք ոչ մի կերպ կապված չեն լուծվող խնդրի հետ։ Ես հեռուստացույց եմ դիտում, գիրք եմ կարդում, և հանկարծ ինձ մոտ ձևավորվում է այդ երկար ժամանակ չհայտնվող կապը։ Գիտության պատմությունը վկայում է՝ բացահայտումը հնարավոր չէ պլանավորել, բացի տեխնիկական նվաճումներից, որոնք, ի դեպ, կարող է անել նաև համակարգիչը, և գաղափարները գլխում ծնվում են, երբ մարդը բացարձակապես դրան պատրաստ չէ։
Ընդհանուր առմամբ ստեղծագործելու համար անհրաժեշտ է վերացնել կոգնիտիվ վերահսկողությունը ու չվախենալ սխալներից։ Սխալները հիանալի բան են, և հետո, ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ բան է սխալը։
Չմտածել բոլորի նման, կամ ստեղծագործ էություն ունեցող երեխաների խնդիրները
Մտածողության անկախությունը շատ կարևոր որակ է։ Կա շատ հայտնի արտահայտություն՝ «Think different»։
Ստեղծագործող մարդիկ իրենք են սովորում, նրանց չեն սովորեցնում, և դա նրանք սկսում են անել շատ վաղ տարիքից։ Իրենց անսովոր գաղափարները, բացահայտումները նրանք երբեք չեն համարում ինչ-որ էքստրաօրդինար մի բան։ Դա նրանց համար ամենասովորական ու ակնհայտ բանն է։ Նրանք հաճախ չեն հասկանում, թե որն է իրենց վաստակը, եթե ամեն բան այդքան ակնհայտ է։ Ակնհայտ է ԻՐԵՆՑ համար…
Այդպիսի մարդկանց մոտ, որպես կանոն, անհաջողությունները սկսվում են արդեն դպրոցից, քանի որ նրանց մեծ մասը խելացի է իր ուսուցիչներից։ Նրանք, իհարկե, չգիտեն այն ամենը, ինչ գիտեն ուսուցիչները, բայց նրանք կարող են նրանցից խելացի լինել։ Եվ այդ պատճառով էլ բարդ իրավիճակների մեջ են ընկնում՝ հայտնվելով հասարակության ճնշման տակ։
Կա այսպիսի մի արձանագրված դեպք, երբ դպրոցում տոտալ ծույլ առաջադիմություն ցուցաբերող 7 տարեկան երեխան, տանը նստած, հայտնագործել է շոգեշարժիչ։ Եվ ոչ թե պարզապես հայտնագործել է, այլ հավաքել է այն։
Այնպես որ, ստեղծագործող մարդիկ իրենց ողջ կյանքում ծանր մրցակցային պայքարի մեջ են։
Ինչո՞ւ է անհրաժեշտ կարդալը։
Զարգանալու համար պետք է բարդ գրականություն կարդալ։ Կարևոր է գծային ընթերցանությունը՝ սկզբից մինչև վերջ։
Գիտնականների կանխատեսումներն ընթերցանության ապագայի մասին լավատեսական չեն։ Սպասվում է լուրջ խզում ինտելեկտուալ էլիտայի հնարավորությունների ու երկրագնդի ազգաբնակչության հիմնական զանգվածի միջև։
Բայց եթե երեխաները միայն կոմիքսներով զբաղվեն, նրանց մոտ չի արտադրվի ոչ միայն բարդ գրականություն կարդալու ալգորիթմը, որը ձևավորում է գիտակցությունը, այլև բարդ մտածողության ալգորիթմը։ Նրանք կմտածեն միայն, թե որ կոճակին պետք է սեղմեն, որ պատվիրեն համբուրգեր։
Ուղեղը պլաստիկ է ոչ միայն մանկության տարիներին, ինչպես նախկինում էին համարում։ Ապացուցված է, որ այն նոր նեյրոնային կապեր է ձևավորում մինչև իր կյանքի վերջը։ Ցանկացած աշխատանք, բացի ձանձրալի ամենօրյա աշխատանքից, ուղեղի համար օգտակար է։ Գլխավորն այն է, որ գործ ունենաս անընդհատ փոփոխվող բարդ ինֆորմացիայի հետ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը