Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին:
«Ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 27-ին ժամը 03:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խմբերը Քելբաջարի (Քարվաճառ) հատվածում հատել են հայ-ադրբեջանական պետական սահմանը`փորձելով ականապատել Ադրբեջանի տարածքը և կատարել այլ սադրիչ գործողություններ:
Նախնական տեղեկություններով՝ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն 2 խումբ անցել է պետական սահմանը երկու ուղղությամբ: Խմբերից մեկը բաղկացած էր 9-ը, իսկ մյուսը՝ 15 զինվորականից: Հետախուզական և դիվերսիոն խմբերի տեղաշարժը վերցվել է վերահսկողության տակ:
Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները շտապ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկել հակառակորդի երկու խմբի դեմ, երբ նրանք փորձել են ականապատել մատակարարման ուղիները և անցումները, որոնք տանում են դեպի մեր դիրքերը: Արդյունքում բերման է ենթարկվել և զինաթափվել 6 զինծառայող՝ չորսը` հետախուզադիվերսիոն խմբից, այդ թվում ՝ մեկ սպա, երկուսը` մեկ այլ խմբից:
Հակառակորդի հետախուզական և դիվերսիոն խմբերը բերման ենթարկված տարածքի աշխարհագրական կոորդինատներն են` 40 աստիճան 09 րոպե 06 վայրկյան հյուսիսային լայնության, 45 աստիճան, 58 րոպե, 07 վայրկյան արևելյան երկայնություն (N 40 ° 09′06 ″; E 45 ° 58′07 ″)
Մնացած հայ զինծառայողները շտապ հեռացել են մեր տարածքից ու նահանջել»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։