Արցախը Հայաստանի դարպասն է եղել, որ մերը լիներ, թուրքը էստեղ չէր հասնի։ Մինչեւ էսօր ոչ մի առաջընթաց չի եղել, ես չգիտեմ՝ նրա այցով ինչ փոփոխություն կլինի, չեմ հավատում, որ գերիներին հետ կբերի։ Եթե բերող է, մեր մյուս գերիներին ինչո՞ւ չի բերում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Կութ կատարած այցին։
Ի դեպ, գյուղապետին տեղյակ չի եղել, որ Փաշինյանը համայնք է գալիս, չեն տեղեկացրել։
«Ես նրա հետ չեմ հանդիպել, եկավ, խորհրդակցություն արեց, հետո մեքենաները նստեցին ու շարժվեցին, ոչ մի բան չարեց, ասում է՝ լավ կլինի, գերիներին հետ կբերենք։ Նրա այցից հետո դեռ ոչ մի բան չենք տեսնում, ոչ մի փոփոխություն։ Գյուղի ժողովուրդը վախեցած է․ եթե զենքը ձեռքին զինվորին կարողանում են գալ, տանել, վաղը խաղաղ բնակիչներին կտանեն»,-նշեց Չիտչյանը։
Ադրբեջանցիները, ըստ նրա, այս պահին գյուղի վրա չեն կրակում, օդ են կրակում, բայց վստահ չէ, որ վաղը գյուղի վրա չեն կրակի։
«Հայաստանի տարածքում հայ զինվորին կարողանում են գերեվարել, վաղը խաղաղ բնակիչ կարող են տանել։ Գեղարքունիքի մարզի բնակչությունը անվտանգ չէ։ Մեր զինվորները կանգնած են, բայց մեզ համար առեղծված է՝ ո՞նց եկան՝ պոստերից մեր տղաներին տարան։ Առավոտ շուտ՝ 5։30-ին, կրակոց է լսվել, հետո իմացանք, որ մեր զինվորներին տարել են։ Սկզբում չհավատացինք, հետո պարզվեց, որ իսկապես տարել են։ Թե ե՞րբ են տարել՝ չգիտենք՝ կրակոցներից առա՞ջ, թե՞ հետո»,- պատմեց Կութի գյուղապետը։
Նա շեշտեց՝ եթե սահմանազատումից հետո ադրբեջանական զորքը մնա այն դիրքում, որ դիրքում հիմա է, այսինքն՝ Կութը մնա ադրբեջանական զորքի ուղիղ նշանառության տակ, կհայաթափվի։
«Արդեն ոչ մի բանի չենք հավատում, ոչ մեկին չենք հավատում, որովհետեւ տեսնում ենք, թե ոնց է թուրքը մտել Հայաստան ու տանում մեր զինվորներին հենց մեր սահմանից։ Բնակիչներին տեղահանելու ոչ մի խոսք դեռ չկա, բնակիչները վախեցած են, էդքանից հետո, էդքան բանը լսելուց հետո ո՞նց չվախենան։ Հույսով սպասում են սահմանների ճշգրտմանը, բայց եթե Կութը մնաց ադրբեջանցիների նշանառության տակ, գյուղում ոչ մի բնակիչ չի մնալու»,- հավելեց Չիտչյանը։
Լիանա Սարգսյան