Սիրելի՛ հայրենակիցներ,
1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։
Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթական ու հերոսական ճակատամարտերի արդյունքում ստիպեց ոսոխին ոչ միայն ընկրկել, այլ նաև համակերպվել և ճանաչել, որ Հայկական բարձրավանդակում Հայաստանն այդուհետ լինելու է ոչ թե լոկ աշխարհագրական կամ ազգագրական, այլ հենց պետական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն։
Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգը 1918թ․-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։
Մոտ մեկ դար անց այսօր էլ մայիսյան այս տոնի խորհուրդը հենց սա է․ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել, քանզի մենք մեր մտքերում և սրտերում կրում ենք 1918թ․-ին վերընձյուղված մեր պետականության հավերժականության անսասան հավատամքը՝ խոնարհվելով պետականության սրբազան ուղու մեր վեհ նահատակների հիշատակի առջև և անխախտ ուժ ստանալով անպայմանորեն հզոր ու արդար գալիք Հայաստանի աստվածային տեսիլքից։
Շնորհավոր Հանրապետության տոնը։
Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/pativunenk/posts/117799137142707