5 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին
Advertisement 1000 x 90

5 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին

Հիպերտոնիան աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է՝ ԱՀԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր չորրորդ տղամարդը եւ յուրաքանչյուր հինգերորդ կինը տառապում են հիպերտոնիայով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այս հիվանդության մասին:

Հիպերտոնիան երիտասարդանում է

Նախկինում հիպերտոնիան համարվում էր տարեցների հիվանդություն, բայց այսօր այս հիվանդությունը հաճախ հանդիպում է 30 տարեկան եւ բարձր տարիքի մարդկանց մոտ: Խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ չեն էլ կասկածում, որ հիպերտոնիա ունեն եւ չեն բուժվում, ինչը տասնամյակների ընթացքում բերում է շատ լուրջ հետեւանքների:

Աղի չարաշահումը ռիսկի գործոն է

Աղի չարաշահումը հիպերտոնիայի զարգացման ռիսկի կարեւոր գործոն է համարվում:

Քչերը գիտեն, որ նույնիսկ եթե մենք սննդին հատուկ աղ չենք ավելացնում, մեր օրգանիզմը օրվա ընթացքում 3 անգամ ավելի շատ է կերակրի աղ ստանում, քան կարելի է եւ պետք է: Օրգանիզմում նատրիումի ավելցուկը նպաստում է արյունատար անոթներում ջրի պահպանմանը, ինչը մեծացնում է սրտի եւ անոթների ծանրաբեռնվածությունը, եւ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կայուն բարձրացման:

Հիպերտոնիան կարող է հանգեցնել հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների

Անցյալ տարի բրազիլացի գիտնականները վերլուծել են ավելի քան 7000 մարդու մասնակցությամբ ճանաչողական գործառույթների խոշոր հետազոտության տվյալները: Նրանք ակնկալում էին, որ ճանաչողական խանգարումների եւ դեմենցիայի ռիսկն ավելի բարձր կլինի այն մարդկանց մոտ, ովքեր ավելի երկար են հիպերտոնիայով հիվանդ: Սակայն պարզվել է, որ հիշողության խանգարման եւ մտածողության թուլացման արագացումը կախված չէ այն բանից, թե որ տարիքում է հիպերտոնիան սկսվել եւ որքան երկար է ընթացել: Ճանաչողական ունակությունների խանգարումներն առաջընթաց են ապրել ինչպես միչեւ 55 տարեկան մասնակիցների (ուսումնասիրության մեջ նրանք միավորվել են միջին տարիքի խմբի մեջ), այնպես էլ տարեց մարդկանց շրջանում: Բացի այդ, ճանաչողական ունակությունների վատթարացում լինում է նախահիպերտոնիայով՝ ս.ս․ 121-139 մմ սիստոլիկ եւ ս.ս․ 81-89 մմ դիաստոլիկ ճնշում ունեցող մարդկանց մոտ։

120/80-ը միշտ չէ, որ նորմա է

Այսօր վերին (սիստոլիկ) ճնշման նորմալ սահմանը համարվում է սնդիկի սյան 120 մմ ցուցանիշը:

Սակայն վերջերս կատարված հետազոտության մեջ ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի գիտնականների խումբը վերլուծել է ավելի քան 27 000 մարդու մասնակցությամբ չորս խոշոր ուսումնասիրությունների արդյունքները: Գիտնականները պարզել են, որ կանանց համար նորմալ վերին ճնշման շեմն ավելի ցածր է եղել, քան տղամարդկանց համար՝ ս․ս․ 110 մմ՝ ս․ս․ 120 մմ-ի համեմատ: Այս մակարդակի գերազանցումը կապված է եղել սրտանոթային համակարգի ցանկացած պաթոլոգիայի զարգացման ռիսկի հետ: Պարզվել է նաեւ, որ կանանց մոտ զարկերակային ճնշման շեմն ավելի ցածր է՝ կապված յուրաքանչյուր կոնկրետ սրտանոթային հիվանդության ռիսկի հետ:

Մինչեւ 60 տարեկան կանանց մոտ հիպերտոնիայի ախտանիշները հաճախ շփոթում են դաշտանադադարի հետ

Վերջերս ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում այն մասին, որ կանանց համար հիպերտոնիայի վտանգը խիստ թերագնահատված է: Ըստ Սրտաբանների եվրոպական միության մասնագետների, տարեց կանանց մինչեւ 50%-ը տառապում է զարկերակային բարձր ճնշումից, ինչը բժիշկները հաճախ վերագրում են տարիքային հորմոնալ գործոններին եւ սթրեսին: Ընդ որում՝ կանանց հիպերտոնիան շատ ավելի դժվար է բուժվում, քան տղամարդկանցը, եւ վտանգավոր վիճակների, այդ թվում՝ինսուլտի ու սրտային անբավարարության զարգացման սպառնալիք է ներկայացնում:

news.am