Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ մայիսի 27-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Սեդրակյանն արդեն ութ տարի է դատապարտված էր։ Նա Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։
Հիշեցնենք` ըստ մեղադրանքի, Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՝ լինելով ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։
Այն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 և 12 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել նաև, համապատասխանաբար Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը։
2013 թվականից անազատության մեջ գտնվող Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը 2020-ի տարեվերջին փոխվել էր բացի: