Այս առավոտը Մեծ Բրիտանիայում թեյով չի սկսվել։ Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, սակայն այս անգամ խնդիրն արքայազն Հարիի կամ նրա կնոջ նոր անկեղծ խոստովանությունները չեն։ Guardian-ի լրագրողները փորփրել են արխիվները եւ ապացույցներ գտել, որ անլգիական միապետներն աշխատանքի չեն ընդունել մարդկանց, որոնք մուգ գույնի մաշկ ունեն։
Փաստաթղթերում, որոնք թվագրված են 20-րդ դարի 60-ական թվականներով եւ այս ամբողջ ընթացքում պահվել են Ազգային արխիվում, ասվում է, որ Բուքինգհեմյան պալատը արգելել է ծառայության ընդունել «թխամաշկ ներգաղթյալների, այլազգիների ու էթնիկ փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների», մեջբերում է պարբերականը։
Բուքինգհեմյան պալատում ստիված են եղել արդարանալ։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը ժխտել է ռասիզմի մեղադրանքները եւ լրագրողներին ակնարկել է, որ չի կարելի վստահել կեսդարյա վաղեմությամբ տեղեկատվության աղբյուրներին, քանի որ դրանք չեն արտացոլում իրերի ներկա դրությունը, հայտնում է Nzherald-ը։
Հայտնի չէ՝ արդյոք ռասայական սեգրեգացիան մեր օրերում կիրառվո՞ւմ է թագավորական պալատում աշխատանքի ընդունելիս, քանի որ աշխատակիցների ընդունման մասին կարգը կարող է դեռ օրինական ուժ ունենալ։ Բրիտանական թագի ներկայացուցիչն այդ հարցին ուղիղ չի պատասխանել՝ միայն նշելով, որ պալատում վաղուց չեն վարում գրառումներ ռասայական պատկանելության մասին։
news.am