Ամորձիները եւ մարդու ուղեղը սպիտակուցների բաղադրությամբ գրեթե նույնն են: Ավելին, դրանք աշխատանքի նման սկզբունքներ ունեն, ինչպես պարզել են Ավեյրոյի համալսարանի պորտուգալացի գիտնականները:
Նախկինում մի շարք հետազոտություններ ցույց են տվել ուղեղի հիվանդությունների եւ տղամարդկանց սեռական խանգարումների, ինչպես նաեւ բանականության եւ սերմնաբջիջների որակի միջեւ կապը:
Նոր հետազոտության հեղինակները համեմատել են հյուսվածքների 33 տեսակների, այդ թվում` սրտի, աղիների, արգանդի վզիկի, ձվարանների եւ ընկերքի սպիտակուցները, եւ պարզել են, որ ամորձիներն ու ուղեղը ավելի քան 13 000 ընդհանուր սպիտակուցներ ունեն: Բացի այդ, ուղեղն ու ամորձիներն ունեն ամենաշատ ընդհանուր գեները, որոնք կարգավորում են այդ սպիտակուցների էքսպրեսիան:
Royal Society Open Biology հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն, ուղեղի պրոտեոմը կազմող 14 315 սպիտակուցներից եւ ամորձիների պրոտեոմը կազմող 15 687 սպիտակուցներից 13 442-ը հայտնաբերվել են հյուսվածքների երկու տեսակների մեջ էլ, ասվում է ուսումնասիրության մեջ: Գիտնականների խոսքով՝ ուղեղը եւ ամորձիները պարունակում են ընդհանուր սպիտակուցների ամենաբարձր քանակը՝ համեմատած մարդու մարմնի այլ հյուսվածքների հետ:
Մասնագետների կարծիքով, չնայած տարբեր առաջադրանքներին՝ ուղեղն ու ամորձիներն ընդհանուր առմամբ շատ ընդհանուր բան ունեն իրենց աշխատանքի մեջ: Երկու օրգաններն էլ սպառում են մեծ քանակությամբ էներգիա, ուստի ինչպես նեյրոնների, այնպես էլ գոնոցիտների (սեռական բջիջների) կազմավորման եւ աջակցության համար անհրաժեշտ են հատուկ բջիջներ: Բացի այդ, ե՛ւ նեյրոնները, ե՛ւ սերմնարանների բջիջները ունեն ընդհանուր գործառույթ` արտադրել որոշակի նյութեր (առաջին դեպքում նեյրոհաղորդիչներ, երկրորդում` տղամարդկանց սեռական հորմոններ):
Բացի այդ, բարձր ակտիվության պատճառով ինչպես ուղեղի, այնպես էլ ամորձիների բջիջները ենթակա են թթվային սթրեսի: Դա կարող է հանգեցնել բջիջների եւ հյուսվածքների ախտահարման, ուստի ուղեղը պաշտպանված է հեմատոէնցեֆալիկ, իսկ ամորձիները` հեմատոտեստիկուլյար պատնեշով:
Բացի այդ, սերմնաբջիջներն ունեն գլուտամատի, գլիցինի, գամմաամինաճարպային եւ այլ նեյրոհաղորդիչների ընկալիչներ, որոնց նկատմամբ նյարդերը նույնպես ընկալունակ են:
news.am