Երևանի մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծի հարցում առաջընթաց դեռևս չկա։ Այս մասին խորհրդարանում 2020 թ․-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա նշել է, որ այդ ծրագրի համար 2020 թ․-ին որևէ ծախս նախատեսված չի եղել` ոչ միայն խոշոր, այլև նույնիսկ ծառայողական (մասնավորապես՝ էսքիզի ընտրության համար)։
2019թ․-ին քաղաքապետարանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի էսքիզը։ Շինարարության համաֆինանսավորման շուրջ բանակցություններն ընթացել են մասնավոր ներդրողի հետ, որը պատրաստվում էր նոր կայարանի մոտ առևտրի կենտրոն կամ հյուրանոց բացել:
«Էսքիզը նախնական էր, այնուհետև դրա աշխատանքային տարբերակներից մի քանիսը պետք է վերջնական ընտրվեին։ Բայց առայժմ այդ աշխատանքը ևս չի կատարվել»–, նշել է Ներսեսյանը։ Նա հավելել է, որ ավելի մանրամասն տվյալներ կարող է տրամադրել Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը համակարգում է տրանսպորտային նախագծերը։
Նշենք, որ ավելի վաղ նմանատիպ բանակցություններ էին ընթանում ճոպանուղու կառուցման շուրջ, որը պետք է Նորքի 1-2-րդ զանգվածներից իջներ մինչև Աբովյանի պուրակ, ինչը նկատելիորեն կթեթևացներ երթևեկությունը Երևանի հյուսիսային վարչական շրջանների և կենտրոնի միջև։