Հարգելի՛ հայրենակիցներ.
Վերջին երեք տարիների ընթացքում իշխող ուժի կառավարման ուղղակի հետևանքն է պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի նկատմամբ հանրային վստահության կորուստը, ինչն այլևս վերածվել է ՀՀ ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի՝ քայքայելով պետական ինստիտուտների համբավն ու հեղինակությունը:
Հատկապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած հետպատերազմյան շրջանում հայ հանրությունն ականատես է միմյանց տրամագծորեն հակասող պաշտոնական տեղեկատվությունների և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի տարածմանը, որը հաճախ առավել նման է մեկ կենտրոնից կառավարվող պաշտոնական մեդիատեռորի:
Հաշվի առնելով վերոնկարագրյալ դիտավորյալ գործողությունների արդյունքում պետական ինստիտուտների հեղինականությանը հասցված ահռելի վնասը՝ պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի միջոցով առերևույթ սուտ տեղեկությունների տարածումն այլևս ունի բավարար չափով հանրային վտանգավորություն ՀՀ քրեական օրենսգրքով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսելու (քրեականացվելու) համար՝ միաժամանակ կանխելով նշված հանրորեն վտանգավոր արարքի իրականացման հետագա դեպքերը:
Հետևաբար, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը մշակել է պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով հրապարակայնորեն կամ զանգվածային լրատվության միջոցով ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծ՝ առաջարկելով այն նախատեսել որպես սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
Նշված օրենսդրական նախագիծն ուղարկելու ենք նախընտրական պայքարին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ առաջարկելով հինգ օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ նորընտիր խորհրդարանի առաջին հերթական նստաշրջանում համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու վերաբերյալ:
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը կհրապարակենք բոլոր կուսակցություններին և դաշինքներին դիրքորոշումը նշված օրինագծի վերաբերյալ, ինչը կբացահայտի յուրաքանչյուրի վերաբերմունքը պետական մակարդակով սուտ տեղեկատվության տարածման նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ blognews.am