«Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց՝ Հայ Առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի հավիտյանս հավիտենից»,– «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլջանում հոգեւորականների հետ կապված հայտնի հայտարարությանը, ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի վանահայր), ընդգծելով.
-Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ:
Տեր Հովհաննեսը փաստում է.
-Ես դեռեւս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հասկացել, որ սրանք եկել են հատուկ ծրագրով, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա եւ երեք օր Վեհափառ հայրապետը չէր կարող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հանեցին Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան եւ հոգեւոր հորը արգելեցին այցելել դպրոց եւ քարոզել քրիստոնեություն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:
Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, երբ ես նոյեմբերի տասին գրեցի՝ Նիկոլը ինձանից հարցրել ես, որ ընդամենը մեկ ստորագրությունով Դադիվանքը տվեցիր քո բարեկամներին: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտությունը: Ես պետք է նոյեմբերի տասնհինգին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու, եւ միայն նոյեմբերի 24-ի գիշերը՝ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանիքիս հետ միասին, որովհետեւ այլեւս ապահովված չէր մեր անվտանգությունը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից՝ ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստոնյա ես դա չարեցի, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցու զավակը իրավունք չունի ինքնասպանություն գործելու:
Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր եւ կարող է ինքնասպան լինել, որովհետեւ ինքը քրիստոնյա չէ եւ հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկեղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջեւ հենց նման նպատակ է դրել, բայց ես վստահեցնում եմ Ձեզ սիրելի ժողովուրդ՝ դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:
Ամփոփելով խոսքը հոգեւոր հայրը դիմեց հանրությանը.
-Ժողովուրդ ջան էլ ինչ ապացույց է մեզ պետք՝ զոհեր, գերիներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակների պարկերի մեջ՝ նկուղներում պահել:
Հիշեք, թե ինչպես էր Նիկոլը հպարտորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է եւ մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանական շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում ասելով, որ Շուշիում պետք է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինք նախորոք ամեն ինչ ասել է:
Սիրելի՛ հայրորդիներ, մեզ գիժ առաջնորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայլուն ապագա: Ես չեմ ուղորդում ժողովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտուլյանտներին իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք: