Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ,
պատիվ ունեմ դիմելու ձեզ։
Այս կիրակի, հունիսի 20-ը դառնալու է մեր երկրի վերածնունդը խորհրդանշող նոր սկիզբ։ Դա կախված է նաև ձեզանից։
Ուսուցչությունը և բարձրագույն կրթությունը՝ Հայ ինքնության, հայոց տեսակի, լեզվամտածողության և ազգային ոգու պահպանման ամենանվիրական առաքելությունն է։ Դուք, ձեր համեստ, շատ դեպքերում չգնահատված գործունեությամբ, հանդիսանում եք հայկական պետականության ամենաամուր հենասյունը։
Ձեր ձեռքերում գտնվող Հայ դպրության և գիտական մտքի կանթեղը պետք է շարունակի լուսավորել Հայաստանի և Արցախի ապագան։ Ազգային անվտանգությունը բաղկացած է նաև գիտակրթական անվտանգությունից։ Չկա ավելի թանկ բան, քան կրթված և գիտակից հասարակությունն է։
Վերջին երեք տարիներին, իրենց իշխանություն հորջորջող, պետության անվտանգությունը խաթարած կապիտուլյանտները, քայլ առ քայլ նսեմացրել են նաև հասարակության գիտակցությունը։ Մտավորական Մարդը դարձել է նրանց սև գործերի աչքի փուշը, որովհետև չի ցանկացել և թույլ չի տվել որպեսզի մանիպուլացնեն մարդկանց։ Խոսել է պետության սպառնալիքների մասին, խոսել է հասարակական երևույթների արժեզրկման մասին։ Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտների առաջնորդը, հիմա էլ սպառնում է Հայաստանի գիտական հանրույթին։
Մենք դա թույլ չե՛նք տալու։
Ստացվել է այնպես, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական պահին, ձեզ հետ միասին, պետք է կայացնեք անչափ կարևոր և պատասխանատու ընտրություն։ Այդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, անվտանգ զարգացման, ազգային ինքնության, հայ կրթօջախի, հայկական մշակույթի, հոգևոր Հայաստանի գոյության կամ չգոյության հարցն է։
Կկարողանա՞նք մենք ոտքի կանգնել, կայունություն և անվտանգություն բերել մեր երկրին, թե՞ կշարունակվի Հայաստանի կործանման և կապիտուլյացման դավաճանական ուղին։
Հունիսի 20-ը պետք է վերածվի արժանապատիվ խաղաղության, վերականգնվող անվտանգության, կայուն զարգացման, կանխատեսելի ապագայի, հայեցի ապրելակերպի, ազատ ու ապահով Հայաստանի ու Արցախի նոր վերածննդի։
Այո՜, վերածնունդ լինելու է։ Դա մեր Ազգի աստվածատուր բնույթն է։ Մեր ազգը գիտի վերածնվել։ Տվե՛ք ձեր քվեն այն ուժին, որը կարող է դուրս բերել երկիրն այս վտանգված ու նսեմացված վիճակից։
Հայ ժողովրդի ոգու, պատվի ու արժանապատվության վերականգնումով է սկսվելու Հայաստանի նոր վերածննունդը»։