Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի որոշմամբ, ապամոնտաժվել է Երեւան քաղաքի Ղափանցյան 22\2 հասցեին կից տարածքում կառուցված տան պարիսպները։
Թաղապետի այդ որոշումը կառուցապատողներն անօրինական են համարում եւ պնդում, որ Արամ Դանիելյանը պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել։
NEWS.am-ի հետ զրույցում կառուցապատողների փաստաբան Մինաս Մալխասյանը պատմեց, որ ամիսներ առաջ են այդ տարածքում տուն կառուցել, որից հետո դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի շինությունը օրինականացնեն, սակայն մուտքագրված դիմումին դեռ չեն պատասխանել։
«Հունիսի 8–ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանն իրավաբանական ու կոմունալ բաժինների պետերի գլխավորությամբ՝ այցելել են այդ հասցե եւ ասել, որ պետք է ապամոնտաժվի այն։ 30 ոստիկանների ուղեկցությամբ եկան, ասացին՝ թաղապետն է մեզ ուղարկել։ Այդ օրը մասամբ քանդեցին, երբ իմացան, որ դատարան ենք դիմել, գնացին։ Երեկոյան էլ մեզ գրություն էին ուղարկել, որ եթե 3 օրվա մեջ դատարանի համապատասխան որոշումը չլինի, իրենք պետք է քանդեն»,– պատմեց փաստաբանը։
Մալխասյանն ասաց, որ դատարանն այսօր արգելանքի որոշում է կայացրել, որի համաձայն՝ թաղապետարանը չի կարող ապամոնտաժել այդ տարածքը, քանի դեռ քաղաքապետարանը դրա կառուցման օրինականության կամ անօրինականության վերաբերյալ որոշում չունի։
«Այսօր մինչեւ հասանք, քանդել, վերջացրել էին տան պարիսպը։ Քանի դեռ քաղաքապետը որոշում չի կայացրել, թաղապետն իրավունք չուներ նման կարգադրություն տալ, դա պաշտոնական դիրքի չարաշահում է։ Եկել են, ջարդել ուրիշի գույքը, 10 հազար դոլարի վնաս է պատճառվել կառուցապատողներին։ Երբ ցույց տվեցինք դատարանի որոշումը, արձագանքեցին՝ վայ, բա որ կար… մենք էլ ի պատասխան ասացինք՝ տեղեկացրել էինք այդ մասին։ Խնդիրն այստեղ դատարանի որոշումը չէ. դատարանի որոշումը չկատարելը մեկ այլ հանցագործություն է։ Եթե անգամ դատարանի որոշումը չկա էլ, ու առանց քաղաքապետի որոշման՝ ուրիշի գույքը քանդում են, դա էլ մեկ այլ հանցագործություն է»,– նշեց փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել։