Գավառում ընտրողներին որպես կաշառք սննդամթերք տալու դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:
Ինչպես հայտնում է Հատուկ քննչական կոմիտեն, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.- ն Գավառի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին քվեարկելու համար:
Ս. Զ.-ն տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղարն է։
Ըստ մեղադրանքի, նա առաջնորդվել է գրասենյակի ղեկավարի հետ նախապես կազմված ընտրողների ցուցակով, և հունիսի 9-ին մի շարք ընտրողների 7000-ական դրամի սննդամթերք վճարել։
Կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նախապես կազմված ընտրողների ցուցակները, որոնց համաձայն` ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ 7000-ական դրամի սննդամթերք են ստացել։ Նրանք հարցաքննվել են ու հաստատել ընտրակաշառք ստանալու հանգամանքը:
Ս.Զ.–ից բացի մեղադրանք է առաջադրվել նաև 7 այլ անձանց։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ նույն քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի` տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:
Նախաքննությունը շարունակվում է: