Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան
Advertisement 1000 x 90

Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հունիսի 20-ի ընտրության արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին։ Ինչպես այն ժամանակ անտեղի, հիմա էլ մեր այդ հայրենակիցները ունեն պայծառ ապագայի սպասելիքներ։

Թեպետ ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդքան կողմնակից ունի, բայց երբեք, երբեք նրանց զոմբի կամ ժեխ չեմ անվանել՝ լոկ այն պատճառով, որ նրանք հայ են, նրանց երակներում էլ նույն արյունն է հասում, ինչ մյուս հայերի, պարզապես նրանց մեծ մասը մոլորյալ է, քարոզչական ազդեցության տակ։ Կան, իհարկե, պատեհապաշտներ և պաշտոնամոլներ, բայց նրանք քիչ են՝ 100-200 հոգի։

Ես հասկանում եմ, որ Նիկոլի այսօրվա հետևորդների թիվը առաջիկա ամիսներին զգալի կնվազի, հետո շատերը կխոստովանեն, որ նորից խաբվեցին սին խոստումներին ու անուշ խոսքին։ Բայց բոլոր դեպքերում այդ մարդկանց վիրավորել պետք չի։ Մի օր անպայման նրանք կվերադառնան իրականություն։

Սիրելի հայրենակիցներ, եթե ընտրել եք Նիկոլին ու հիմա հաղթական էյֆորիայի մեջ եք, մի մոռացեք, որ Նիկոլին չընտրածները թշնամիներ չեն։ Նրանք ձեզնից պակաս չեն սիրում հայրենիքը, նրանք նույնիսկ ավելի իրատեսական են սիրում իրենց երկիրը, ոչ զգացմունքային ու ականջահաճո։

Մի թշնամացեք միմյանց նկատմամբ, հաշվի առեք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ԱԺ-ում կստանան իրենց մանդատները և կշարունակեն քաղաքական պայքարը հանուն իշխանության, իսկ դուք էլի կլինեք նույն բանվորը, գյուղացին, առևտրականը, ավտոմեխանիկը կամ ավտոբուսի վարորդը։

Երբ կարճ ժամանակ անց կրկին համոզվեք, որ ես ճիշտ էի տեսնում ապագան, չմոռանաք զղջման խոսքեր ասել։ Դա էլ է ուժի նշան»։



Նման նյութեր