Արամ Գևորգյանի էջից.
Հունիսի 18-ին այս պատերազմում զոհված Շանթ Նավոյանի գրքի շնորհանդեսին էի։ Շանթի մասին ես ձեզ պատմել էի։ 19 տարեկան էս տղեն իր նոթատետրում գրառումներ էր անում անգամ պատերազմի օրերին, հրետակոծության տակ։
Գրքի վերջում ծնողները հավաքել ու հրատարակել էին նաև Շանթի մասին գրառումներ արած տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մտքերը։ Մեծ պատիվ էր դրանց շարքում տեսնել նաև իմ՝ Շանթի մասին փետրվարի 13-ին արված գրառումս։ Այդ օրը Եռաբլուրում անսովոր լուսավոր էր և ես նկար էի տեղադրել ու գրել.
«Այս պատերազմում զոհված Նավոյան Շանթը մի առիթով գրել էր. «Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»։
Եռաբլուրում միշտ, իսկ այսօր՝ առավել ևս, արտասովոր լուսավոր է։
Լույս էիք, լույս դառաք, տղերք…»։
Մենք որքան էլ պատմենք Շանթի մասին, միևնույնն է, իրենից լավ դա չենք անի։ Տարբեր մտքերի ու էսսեների իր այս ժողովածուում Շանթը դա իդեալական է արել։ Մտածում ես. «19 տարեկան տղեն էս ինչքա՞ն բան ա հասկացել կյանքից, էս ինչքա՞ն հասուն ա եղել իր տարիքի համեմատ, որ չի զլացել ու կիսվել է մեզ հետ իր մտքերով, որոնք հաճախ նաև ուսուցողական նշանակություն ունեն։ Մենք անգամ էս տարիքում էդքան բան չենք հասկանում, որքան Շանթը հասկացել ա 16-17 տարեկանում»։
Չգիտեմ, դժվար ա ամեն անգամ տղերքի մասին անցյալով խոսելը։ Մեզնից մի ողջ ոսկե սերունդ հեռացավ ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք լրացնելու այս դատարկությունը։ Երևի երբեք էլ չկարողանանք…
Մեզ մնում է միայն արժանի լինել էս տղերքի զոհաբերությանը, ապրելով՝ ապրեցնենք իրենց անունն ու գործը։
Շանթը զոհվեց հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ հրшդшդшր հայտարարվեց, բայց թշնամին այդպես էլ այն չպահեց։ Նա զոհվեց իր 9 ընկերների հետ միասին..