Արտակ Բեգլարյանի էջից.
Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում իմ ու մասնակիցների միջև:
Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ:
Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց:
Հ.Գ. Ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում եմ ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Ինչպես միշտ, ես լիովին պատրաստ եմ իմ կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/4348335485204655