«Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու». Արտակ Աղբալյան
Advertisement 1000 x 90

«Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու». Արտակ Աղբալյան

ԿԳՄՍ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ…

Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում… ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա

ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել…Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը… որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել: Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները:

Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:

Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին: Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան  թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում:

Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից: Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով:

Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ… այլ պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն, իր Եզնիկ Մոզյան արհեստագործական բացառիկ ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել:

Հեռանում եմ, որովհետև, դուք ուրացել եք ոչ միայն Արցախը, այլև յուրաքանչյուր հայի հոգու խորքում ապրող Արարատի վերադարձի երազանքը: Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու:

Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով: Չեմ կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում եք բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում ընդամենը քառատողով:

Հեռանում եմ, որովհետև ամեն օր տեսնում եմ հրապարակային ձեր խոսքի ու կատարած գործի արմատական տարբերությունները: Ինձ համար Հայաստանն է կարևոր իր ձյունապատ ամեն լեռով, իսկ ձեզ համար հանրապետության հրապարակի շենքերից ընդամենը մեկը:

Ինձ համար կարևոր է ազգայինն ու հայը, ձեզ համար անազգ և անդեմ քաղաքացին ու շուկայական պայմանգիրը:

Հեռանում եմ, որովհետև զարմացած եմ, թե երբ հասցրիք այսչափ թրքասեր դառնալ:

Ես հեռանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ կողքին կանգնելու և պայքարելու համար, իմ գաղափարակից այն ընկերների հետ լինելու, ովքեր միշտ վառել և վառելու են թշնամու դրոշը:

Վստահ եմ մենք՝ հայերս իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու եք դուք ու ձեր ոխերիմ եղբայրները:

Հեռանում եմ կրկին վերադառնալու վճռականությամբ:

Հ.Գ. Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության

աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:

ՀՀ Կրթության և գիտության( և ոչ ԿԳՄՍ, որը այդպես էլ իմ համար անտրաբանական մնաց) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ.

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ. 47 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ

Արտակ Աղբալյան

#ամենինչլավէլինելու»



Նման նյութեր