Կառավարության մոտ երեկվանից նստացույց իրականացնող գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը։
Նա նաև ներկայացրել է նստացույցը դադարեցնելու պատճառները։
«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին, և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները»,–գրել է Ամբարդարյանը և ներկայացրել իրենց պայմանները։
Դրանք են.
- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021-ին)։
- Քննարկման արդյունքում համաձայնեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը` շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
«Եթե քննարկված բոլոր պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,–գրել է նա։