Օձունի համայնքապետին քաղաքական հայացքների համար ծեծում են՝ ոչ մեկին չեն կալանավորում, իսկ հարգարժան պրն․ Արմեն Չարչյանը, պարզվում է, հասարակության համար այնքան վտանգավոր է, որ պետք է կալանվորել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ համարելով, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին պետք է անհապաղ ազատ արձակել։
Նա վստահեցրեց, որ Արմեն Չարչյանը մեր լավագույն բժիշկներից է՝ երկրի լավագույն տրավմատոլոգների եռյակում է։
«Բոլոր առումներով նա դրական մարդ է, նույնիսկ առանց լսելու իր ձայնագրությունը, ես միանգամից պաշտպանեցի նրան՝ վստահ լինելով, որ հակաիրավական բան չի անի։ Երբ լսեցի՝ համոզվեցի, որ այնտեղ որևէ խոսք չկա, որով որևէ մեկին ստիպում է այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու․ մեղադրանքը անհիմն է, ասում է՝ գնացեք ընտրություններին մասնակցեք, բայց չի ուղղորդում»,-ասաց Արտավազդ Սահակյանը։
Նա վստահեցրեց, որ իրենք բժշկի շղարշով չեն փորձում պաշտպանվել՝ իրենք ավելին չեն, քան հասարակության մյուս անդամները, բայց համոզված է, որ իր ընկերը՝ հարգարժան պրն․ Չարչյանը, այնպիսի բան չի արել, որի համար նրան պետք է մեկուսացնել հասարակությունից և կալանավորել։
«Այս բոլոր տարիներին, երբ ես համագործակցել եմ իր հետ, ինձ վրա միշտ թողել է դրական տպավորություն, եղել է շատ մարդասեր․ համենայն դեպս, այդպիսի դեպք չեմ հիշում, որ մերժած լիներ օգնություն ցույց տալու որևէ մեկին կամ խորհրդատվական օգնություն ցույց տալու իր կոլեգային։ Ես միշտ ընդգծված հարգանքով եմ վերաբերվել իրեն»,-ասաց Արտավազդ Սահակյանը։
Լինում են վատ բժիշկներ է՛լ, վատ մարդիկ է՛լ, ասաց նա, բայց Չարչյանը հրաշալի մարդ է, հրաշալի բժիշկ և լավ կազմակերպիչ։
«Իրավապահներն էլ մարդիկ են, որոնք նույնպես ունեն զգացմունքներ և նպատակներ, բայց պետք է միշտ ուժեղ և անկախ լինեն, որ քամու տակ չընկնեն։ Սա այն դեպքը չէ, այն էլ այսքան հիվանդություններով տառապող մարդու հանդեպ՝ նա իրոք վատառողջ է․ վերջին անգամ 10 օր առաջ տեսել եմ, նա իրոք հիվանդացած, ծերացած, դալուկ դեմք ուներ»,-ասաց պլաստիկ վիրաբույժը։