Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին armeniasputnik.am

Պաշտպանը պարզաբանումներ է պահանջում «Վեոլիա Ջուր» ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀԷՑ-ից։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զանգվածային ջրանջատումների հարցով դիմել է «Վեոլիա Ջուր», ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պաշտպանի գրասենյակը բողոքներ ու ահազանգեր է ստացել տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ։

«Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու, կամ ծանուցումն իրականացվում է ջրանջատումներից հետո ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիները չեն կարողացել նաև կապ հաստատել ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով։

Պաշտպանի գրասենյակն ուսումնասիրել է ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումները, որոնցում մարդիկ բողոքում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխությունից։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու COVID-19–ի առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։

Ուստի ՄԻՊ աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։

Շաքիի ջրվեժը սևացել է. Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է՝ ինչու. տեսանյութ

Հիշեցնենք` հունիսի 22-ին«Վեոլիա Ջուրը» հայտարարեց, որ ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում ընդհատումներն առաջացել են ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։ Դրանով պայմանավորված նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: ՀԷՑ-ն իր հերթին արձագանքեց «Վեոլիա Ջրի» հայտարարությանը` ասելով, որ ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։

Այս ընթացքում սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին` «Վեոլիա Ջուր» ընկերությունից պահանջելով պատշաճ որակի ծառայությունների մատուցում։

Ջրանջատումներ են գրանցվում ինչպես Երևանի տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Երբեմն դրանք տևում են մի քանի ժամ։

Մեղավորը շոգն է. ՀԾԿՀ–ում քննարկվել է ջրի մատակարարման խափանումների խնդիրը

armeniasputnik.am