Հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվեց 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չհավաքեց: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Հրանտ Մաթևոսյանը: Արթուր Իշխանյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
28.06.2021թ.