Լոռու մարզի Քարաձոր գյուղում բերքի 80 տոկոսը ավերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարաձորի գյուղապետ Հրանուշ Ռոստոմյանը։
«Մի ավտոտնակի էլ տանիքը կարկուտի հարվածից ցանց է դարձել։ Այսօր պետք է դիմեմ մարզպետարանին։ Մարզպետն ինձ հետ կապ չի հաստատել դեռ։ Այս պահին էլ դաշտում եմ, հաշվում ենք վնասը, որ ուղարկենք մարզպետարան»,- ասաց նա։
Գյուղապետը պատմեց, որ գյուղի դաշտերի մոտ 30 տոկոսն է վնասվել.
«Դաշտերում հիմնականում գարին ու ցորենն են վնասվել։ 80 տոկոս վնասվել են գյուղի ծառերը, բույսերը։ Բանջարանոցայինների 80 տոկոսը չկա։ Ձվի չափ կարկուտ էր, ես այդպիսի բան չէի տեսել»։
Մեզ հետ զրույցում Լոռու մարզի Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանն ասաց, որ հիմնականում վնասվել են տնամերձ ցանքատարածությունները.
«Ծառերը լրիվ վնասվել են, ինչպես նաեւ վարունգը, պոմիդորը։ Գյուղում հիմնականում ցանում են վարունգ, կարտոֆիլ, ոլոռ, գազար, ճակընդեղ։ Խոշոր տրամաչափի կարկուտ էր։ Նույնիսկ ավտոմեքենաներն է վնասել»։
Բազումի գյուղապետն ասաց, որ այս պահին վնասների մասին կազմվում են արձանագրություններ, որպեսզի ուղարկեն Լոռու մարզպետարան։