Էդգար Ղազարյանի էջից.
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»։
Այս հայտարարությունից հետո, եթե Հայաստան Հանրապետության անվտանգության խորհրդի անդամների մեջ լինի թեկուզ մեկ ինքնասիրություն և արժանապատվություն ունեցող մարդ, ապա պետք է վերցնի մի խորհրդանշական բանթիկով մուրճ և «կադրային ինքնադատաստանի» ենթարկվի։
2021 թվականի մայիսի 3-ից ՀՀ Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանը խախտելուց հետո, բավական չէ նրանք չեն կարողացել իրականացնել արժանի քայլեր, հետն էլ գրեթե ամեն օր անվտանգության խորհրդի նիստեր գումարելուց հետո, որոշում են ընդունել դիմել ՀԱՊԿ-ին, որից այսօր ստացվել է նման բովանդակությամբ արձագանք։ Այդ անվտանգության խորհրդի կազմում, որտեղ ի պաշտոնե ընդգրկված են ՀՀ վարչապետը, երկու փոխվարչապետերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ ոստիկանության պետը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, չի գտնվել թեկուզ մեկ բանական մարդ, որը կարողանա բացատրել կիսագրագետ, անհավասարակշիռ, անփորձ ու անդաստիարակ կերպարին, որ դա անմիտ քայլ է և ոչ մի դեպքում չի կարելի վտանգել ոչ միայն մեր երկրի, այլև այդ կարևորագույն միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության հեղինակությունը։
Հարկ է նկատել, որ սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Հայաստանը պաշտոնապես դիմում էր ՀԱՊԿ-ին։ Այս իշխանությունների պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել 2020 թվականի հուլիսի ՀՀ Տավուշի մարզի սահմանային ռազմական գործողությունների ժամանակ, չի դիմել այն դեպքում, երբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, որի ընթացքում Հայաստանի օդային և ցամաքային տարածքում այլ պետության զինված ուժերի կողմից խոցվել են ոչ միայն կարևորագույն ռազմատեխնիկական միջոցներ (ինքնաթիռ, С-300 զենիթահրթիռային համակարգեր, հրետանային միջոցներ), այլև բնակավայրեր, կազմակերպությանը դիմում է իր երկրի տարածքում մի քանի կիլոմետր հակառակորդի ապօրին ներթափանցման դեպքի առթիվ, որին իր երկրի զինված ուժերը որևէ դիմադրություն ցույց չեն տվել, որևէ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել, իսկ երկրի իշխանություններն այդ մասին իմացել են Իշխանասարի բնակիչ հովվի կողմից։
Այս խայտառակությունը ցույց է տալիս Հայաստանի դիվանագիտական և անվտանգային համակարգի ողջ թշվառ վիճակը, որի պատասխանատուները հրապարակայնորեն խոսում են քաղաքացիական ծառայողներին, դպրոցների ուսուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլ հասարակ աշխատակիցներին «կադրային ջարդի» ենթարկելու մասին, ինչ է թե նրանք տեսնում են իրենց տգիտությունն ու անպիտան ձրիակերությունը, որի գինը կորսված Հայրենիքն է, հազարավոր մարդկային զոհերը, պետությանը պատճառված միլիարդավոր դոլարների վնասները, պետականության կորուստը և թշնամու չընդհատվող առաջխաղացումը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=1124233888100080&set=a.111965635993582