Վարդան Ոսկանյանն իր էջում գրում է. «Մինչ հունիսին Հայաստանում «պողպատե մանդատի» և «երկաթե մուրճի» անիմաստ շքերթ էր, Թուրքիան հունիսի 29-ին Բանգլադեշի հետ կառավարական մակարդակում ստորագրեց ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Անկարան Դակկային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն։
Ընդ որում, չինական տեխնոլոգիական մշակման՝ Թուրքիայում «Камаз»-ի հիմքի վրա արտադրվող «TRG-300 Kaplan» («ղափլան» բռց․՝ «վագր») համազարկային կրակի հրթիռային համակարգերի խմբաքանակը, որը մեզանում ավելի հայտնի է «Քասրգա» անվանումով Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում, 2019թ․ գնման պայմանագրի հիման վրա հենց 2020թ․ հունիսին արդեն փոխանցվել է Բանգալդեշին, ինչի մասին հպարտությամբ հայտարարել է նույնիսկ վերջինիս վարչապետը։ Այսպիսով, որքանով տեղյակ եմ, Բանգլադեշն Ադրբեջանից բացի, երկրորդ պետությունն է, որը Թուրքիայից գնել է նման համակարգեր։
Սա այն դեպքում, երբ 2016թ․ Բանգլադեշում «Ջամաաթ-ի Իսլամի» իսլամիստական կուսակցության փակման և դրա ղեկավարի մահապատժի կապակցությամբ, Անկարա-Դակկա հարաբերություններն այնքան էին սրվել, որ հետ էին կանչվել երկրների դեսպանները։
Բանգլադեշը, որը հաշվի առնելով նախկինում հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նույնիսկ բենգալացիների հակաբրիտանական ազատագրական պայքարին հայկական մասնակցությունը, Հայաստանին կարող էր հետաքրքիր լինել ոչ միայն հակաթուրքական, այլ նաև Պակիստանի ակտիվությունը սանձելու և այլ նկատառումներով, ամբողջովին դուրս է մնացել մեր ուշադրությունից, և այժմ Հարավային Ասիայի այս երկրում իր դիրքերը մեթոդաբար ամրապնդում է Թուրքիան։
Ընդ որում, դա արվում է 2019թ․ հայտարարված «Կրկին Ասիա» (թուրք․՝ «Yeniden Asya») հավակնոտ անվանումով թուրքական մի շատ ավելի լայն ռազմավարական նախաձեռնության շրջանակներում, որին Հայաստանում կարծես ուշադրություն չեն էլ դարձնում։ Հենց այս նախաձեռնության համատեքստում պաշտոնական Անկարան Բանգլադեշը դիտարկում է «նշանակալի գործընկեր», ինչի մասին անձամբ բարձրաձայնում է ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4510234155681675