Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 18:00 սահմաններում, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում կայծակնահարության դեպք է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
Կայծակի հետևանքով ստացված վերքերով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 1976 և 1963 թթ. ծնված երկու տղամարդ: Նրանք, ըստ տեղեկությունների, հովիվներ են:
«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, նրա վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ` նա վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, իսկ 1976 թվականին ծնված տղամարդու մոտ բացի կայծակի ալիքի հարվածից առաջացած վերքերից, կան նաև այրվածքներ»,–Sputnik Արմենիային տեղեկացրել է Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նա հավելել է, որ այս պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում: