Այսօր՝ հուլիսի 7-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 16-ամյա Արամ Մ-ի վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարրը, ում առաջինը օգնության է հասել Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Lexus-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանն աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: