Զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, աշխարհազորայինների 3200 երեխա կհանգստանա ճամբարներում
Advertisement 1000 x 90

Զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, աշխարհազորայինների 3200 երեխա կհանգստանա ճամբարներում

Պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխա հնարավորություն կստանա ամառային հանգիստն անցկացնել մի շարք ճամբարներում։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ ճամբարն իրականացվելու է 2 հերթափոխով, յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ, ամեն հերթափոխում՝ 1600 մասնակցով։

«Ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321․6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը կատարելու համար»,- ասաց Դումանյանը։