«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է». բանասերը` հայերենից 50% «կտրվածների» մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է». բանասերը` հայերենից 50% «կտրվածների» մասին. aravot.am

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: Ըստ այդմ` բուհ ընդունվողների 46.9%-ը չի հաղթահարել հայոց լեզվից, իսկ 40%֊ը՝ մաթեմատիկայից անցողիկ շեմը: Նրանք չեն կարողացել վաստակել 8 միավոր հնարավոր 20֊ից։

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննություններից ստացված պատկերը` բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց. «Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է, ընդ որում, միայն կրթական ցենզի մասին չէ խոսքը: Մենք գիտենք, որ այսօր դպրոցը, կրթությունը գտնվում է շատ վատ վիճակում, անընդհատ եւ ամբողջական կրթական համակարգը, եւ դպրոցականը, եւ բուհականը եւ հետբուհական համակարգը հարվածներ են ստանում իշխանությունից: Արդյունքում, տեղից էլ խախուտ, հազիվ ծայրը ծայրին հասցնող համակարգը եւ հարվածներ է ստանում, եւ անորոշ վիճակն է խորացվում»:

Գեւորգ Էմին-Տերյանի ձեւակերպմամբ, տվյալ դեպքում, հայոց լեզվի պարագայում մենք գործ ունենք նաեւ այլ երեւույթի հետ.

«Նախ մի կողմից դա մեր ինքնահարգանքի բացակայությունն է, երեխաները տեսնում են, որ ԿԳՄՍ նախարարը ոչ գրական հայերեն է խոսում, մշակույթը ներկայացնող կառավարության անդամը Թումանյանի քառյակն անգիր չգիտի, ու այդպես հայերեն սովորելու, հայերեն գրագետ խոսելու անհրաժեշտությունը երեխաների աչքի առաջ վերանում է: Իրենք մտածում են` ի՞նչ իմաստ ունի իմանալ հայերեն, եթե առանց դրա էլ կարող ես դառնալ երկրի վարչապետ, ԱԺ նախագահ, ԿԳՄՍ նախարար եւ այլն: Ես կարծում եմ, որ սա լիբերալ անգրագիտության հաղթարշավի մի մասն է, գաղափարական հիմքը»:

aravot.am