«Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Բա հետո՞…

Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը արդեն տևական ժամանակ անցկացնում են բարձր մակարդակի հանդիպումներ, որպեսզի հասկանան և հստակեցնեն իրենց դիրքերը մեր տարածաշրջանում։

Իսկ փաշինյանական «պողպատե մանդատով» օժտված իշխանությունը ոչ միայն ինքնակամ դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից, այլև նույնիսկ արդեն ինչ երկրորդ ամիսն է արտգործնախարար չունի։

Ֆիքսենք, որ Հայաստանին ոչ ոք այլևս ո՛չ հարցնում է, ո՛չ էլ ներգրավում այն տարածաշրջանային գործընթացների մեջ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար։

Ադրբեջանը և Թուրքիան ԱՆԸՆԴՀԱՏ անցկացնում են ռազմական զորավարժություններ։

Ի դեպ, այդ գործընթացին պարբերաբար միանում են նաև վրացիները։ Օրինակ՝ շուտով մեկնարկելու են Eternity-2021 զորավարժությունները, որին մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:

Թուրքիան հայտարարում է, որ կարող է իր ռազմական ներկայությունը ավելացնել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը կտրուկ ավելացնում է թե՛ իր բանակի զինծառայողների քանակը, թե՛ սպառազինությունները։

Իսկ փաշինյանական իշխանությունները պատրաստվում են կրճատել մեր բանակը և զուգահեռ բացել թշնամու դեմ մեր երկրի դարպասները՝ անունը դնելով «կոմունիկացիաների բացում»։

Ինքս կարդում եմ և ուղղակի ապշում՝ ախր, ո՞նց…ո՞նց ընդամենը 3 տարվա ընթացքում կարելի է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգային, դիվանագիտական, ռազմական ներուժը։

Հիմա, եթե սա ինքնիշխանության տոտալ ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։

Երկրի ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի՞ լինում։

Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար։

Խելագարվել կարելի է…

Այնպես որ՝ Ապագա Կա՛…վայելե՛ք»։



Նման նյութեր