

2 տարեկան Մոնթեն, որին այդպես են կոչել Մոնթե Մելքոնյանի պատվին, ուրախ ձայներ արձակելով շրջում է տանն ու ուշադիր մեզ զննում` այս ինչ նոր մարդիկ են եկել։ Մոնթեն մարդամոտ է, անմիջապես ընկերանում ենք։ Փոքրիկը դեռ չի խոսում` միայն «մամա, պապա» է ասում. Մոնթեն «պապա» սկսել է ասել հոր զոհվելուց օրեր անց։ Փոքրիկ տղան փաթաթվում է մորը` Անահիտին, ձեռքը համբուրում ու խաղալ ուզում, բայց նրան սենյակից կարճ ժամանակով դուրս են տանում, մինչև կզրուցենք մայրիկի հետ։ Վերացած սկսում եմ լսել մի չտեսնված սիրո պատմություն։

Թաթուլն ու Անահիտը ծանոթացել են դպրոցական տարիներին. Թաթուլը զուգահեռ դասարանում է սովորել և Անահիտին տեսնելուն պես` սիրահարվել։ Նա ամեն ինչ արել է` Անահիտի ուշադրությունը գրավելու համար, անգամ դասարանն է փոխել։
«Ինձ խոստովանել էր, որ սիրահարվել է ու անընդհատ մեր դասարան էր գալիս։ Մի օր էլ եկել ու իմ հետևում էր նստել, և երբ զանգը հնչեց, ես ջղայնացած ասացի, որ արդեն կարող է գնալ, բայց նա հանգիստ պատասխանեց, որ այսուհետ մեր դասարանից է ինքը։ Բոլորը զարմացել էին` ինչու է նա իր պատմության հոսքը փոխել և լեզվաբանության հոսք եկել»,–պատմում է Անահիտը։

Ապա` Թաթուլը ֆիզկուլտինստիտուտ է ընդունվել` ձյուդոյով զբաղվել, իսկ Անահիտը լեզվաբանական գծով է շարունակել կրթությունը։ Չնայած դրան, Թաթուլը մասնակցում էր նաև Անահիտի դասախոսություններին. պատմության դասախոսի սիրտը Թաթուլը «շահել» էր` ասելով, որ իրեն շատ հետաքրքիր է առարկան և դրա մատուցման ձևը, ինչի համար էլ միշտ ներկա էր լինում դասին։ Չնայած Թաթուլի ջանքերին, Անահիտը միայն ուսման վերջին տարում է որոշել շփվել նրա հետ ու անմիջապես սիրահարվել է։
Կինը հուզվում է` մի դրվագ կա, որը մինչ օրս հիշում է. Թաթուլը միշտ ինչ-որ պատճառ էր գտնում Անահիտի հետ խոսելու համար։ Մի օր, երբ Անահիտի գրպանից կոպեկ է ընկել, Թաթուլն այն վերցրել ու փորձել է նրան տալ, բայց Անահիտը չի վերցրել` մտածելով, որ ուղղակի կրկին խոսեցնում է իրեն։ Վերջերս ամուսնու դրամապանակում առանձին դրված մի տեղ տեսել է այդ կոպեկը…
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am