Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 03։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Lexus մակնիշի ավտոմեքենան հետախուզման մեջ է գտնվում, և այն Արցախի փողոցի ուղղությամբ է ընթանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նկատում են նշված ավտոմեքենան և փորձում են կանգնեցնել, սակայն վարորդը մի քանի անգամ չի ենթարկվում ոստիկանների «Կանգ առ» հրահանգներին ու քանի որ ավտոմեքենան հետախուզման մեջ էր, ոստիկանները հետապնդում են նրան։
Արդեն Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի խաչմեուկում Lexus-ը շարունակում է մեծ արագությամբ դիմել փախուստի ու արդեն ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ավտոմեքենային, ինչի հետևանքով ոչ միան վնասվում է առջևի թափարգելի աջ հատվածը, այլև ավտոմեքենայի սրահի պաշտպանիչ բարձիկներն են բացվում։ Իսկ Lexus-ը դուրս է գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում մայթին՝ երկաթյա սյան մոտ։ Պարեկները բերման են ենթարկում այդ քաղաքացուն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Յուրի Վարպետյանն է։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, նույն ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Lexus-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Յու. Վարպետյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ էր ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: