Հայաստանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։ Դեսպաններին կանչելու առիթը հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությունն է։
Նշվում է, որ դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։
«Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։ Դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը», – նշվել է թե՛ նամակում, թե՛ դեսպանների հետ հանդիպումների ժամանակ։
ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև քայլեր է նախաձեռնել՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։