Այս տարի լրանում է «Newmag» հրատարակչության 3 տարին, որն այս ընթացքում թարգմանել եւ հրատարակել է 5 տասնյակ անուն բեսթսելլեր: Այս առիթով եւ առաջին անգամ հուլիսի 16-ին «Երազ» այգում «Newmag» հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝ «Newmag Summer Fest 2021»-ը:
«Մեր նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ: «Newmag Summer Fest»-ը կսկսվի ուղիղ կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ»,- հայտնում է հրատարակչությունը։
Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ:
Գլխավոր վայրը Քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը Քննարկումների սրահում կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար, «Կորստի ցավն ու գրականությունը. ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:
Ground Hall-ում նախատեսվում են նաեւ գրքի շնորհանդեսներ․ միայն այդ օրը «Newmag»-ը կներկայացնի երեք բեսթսելլեր։ Գրադարան-սրճարանում հանդիպումներ կլինեն հայ հեղինակների հետ, բաց դասախոսություններ։
Book Garden-ում՝ գրապարտեզում, երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը եւ Նարեկ Մարգարյանը:
Օրվա ավարտին տոնական ակորդները կհնչեն Երաժշտական սրահում՝ Music Hall-ում: Այստեղ տեղի կունենա «Newmag Readers’ Prize» մրցանակաբաշխությունը: Իսկ վերջում բեմն արտիստներինն է․ կերգեն Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյան, Գոռ Սուջյանը: Փառատոնը կդառնա ամենամյա: