Էդգար Ղազարյանն իր էջում գրում է.
«Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակել».
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս վերնագիրը իրականություն է, որի տակ թաքնված է ժամանակակից հայ դիվանագիտության հերթական խայտառակությունն ու ողբերգական վիճակը։
Հիմա փաստերով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 16-ի հրամանագրերով Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Առաջին հայացքից սա կարող էր համարվել դիվանագիտական ռոտացիա, ինչը սովորական երևույթ է դիվանագիտության մեջ։ Սակայն փաստերի համադրությունը ի ցույց է դնում հետևյալը։ Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Մինչ այդ նա 2012-2018 թվականներին զբաղեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի, այնուհետև վարչապետի օգնականի պաշտոնը։ Որպես կանոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ, դեսպանները պետք է պաշտոնավարեն չորս տարի ժամկետով, սակայն Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից երեք տարի անց՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, որոնք, ի դեպ, ամենևին կապված չեն հայ-ամերիկյան հարաբերությունների կամ իր գործունեության հետ։ Քաղաքական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև վարչապետ ընտրվելը, խոսում էր միայն պրոֆեսիոնալ դիվանագետների դեսպանների պաշտոնում նշանակման անհրաժեշտության մասին, որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեցող իր քաղաքական թիմակցին՝ Լիլիթ Մակունցին։ Տեղեկատվական արտահոսքի հետևանքով, մամուլում շրջանառվող պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների համաձայն, Լիլիթ Մակունցի ագրեմանը (դեսպանընկալ երկրի համաձայնությունը դեսպանի նշանակման համար) ստացվել է ԱՄՆ-ի կառավարությունից, ուստի նրա նշանակումը պայմանավորված է բացառապես Հայաստանի ներքաղաքական գործընթացներով և կլինի մոտ օրերս։ Որպեսզի Լիլիթ Մակունցին նշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, Նիկոլ Փաշինյանին պետք էր ազատել այդ պաշտոնը, բայց միաժամանակ, չնեղացնելու համար Սերժ Սարգսյանի նախկին օգնականին, ով համաձայնել էր ճամբարափոխության կարևոր պայմանին, որոշել են նշանակել նրան Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի թափուր պաշտոնում։
Դիվանագիտական իրավահարաբերությունների կարգավորմամբ՝ մինչ օրս Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է համարվում նույն ինքը՝ Արմեն Սարգսյանը, քանզի նրանից հետո Հայաստանի ոչ մի դեսպան Մեծ Բրիտանիայի Թագուհուն դեռևս չի հանձնել հավատարմագրեր, որի հետ միասին հանձնվում են նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։ Արմեն Սարգսյանին, 2018 թվականին, վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը, ով, ցավոք, վաղաժամ մահվան պատճառով, ոչ միայն չի հասցրել երկար պաշտոնավարել, այլև անգամ չի հանձնել իր հավատարմագիրը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, որի հետ պետք է հանձնվեր նաև նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ենտկանչագիրը (2019 թվականի փետրվարի 14-ին Արման Կիրակոսյանը հասցրել էր իր հավատարմագրերի պատճենը հանձնել Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆրանչեսկա Ֆլեսսատիին)։ Իսկ, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, դեսպանը (ներկայացուցչության ղեկավարը) համարվում է ընդունող պետությունում իր գործառույթների կատարմանն անցած այդ պետություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, իր հավատարմագրերը հանձնելու պահից, կամ ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այլ նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, իր ժամանման մասին հայտնելու և հավատարմագրերի հաստատված պատճենները ներկայացնելու պահից: Նույնը վերաբերվում է առաքելության ավարտին, որն արձանագրվում է, երբ ընդունող պետությանը ուղարկող պետության կողմից արված ծանուցում է այն մասին, որ դիվանագիտական գործակալի գործառույթները ավարտվել են (ետկանչագիր)։ Այսինքն, եթե Թագուհուն չեն հանձնվել նոր դեսպանի հավատարմագրերը, ենթադրվում է, որ չի հանձնվել նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։
Ոչ միայն զարմանալի, այլ, կարելի է ասել, աղետալի է, որ 2019 թվականից մինչ օրս (դեսպան Արման Կիրակոսյանի մահից հետո), Հայաստանի իշխանությունները նույնիսկ դեսպանի նշանակում չեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրում, որի հետ Հայաստանի հարաբերությունները երբեք իրենց հաջողություններով աչքի չեն ընկել, փոխարենը, բուռն զարգացում են ապրել այդ երկրի հարաբերությունները Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Դեռ պարզ չէ, թե երբ Վարուժան Ներսիսյանի կմեկնի նոր ծառայության վայր, պարզ չէ նաև, թե այդ երկրում գործող արարողակարգի ավանդույթներից ելնելով, երբ կկազմակերպվի նրա հավատարմագրի հանձնումը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, սակայն պարզ է, որ 2018 թվականից Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի (Chargé d՛affaires) մակարդակով, ինչը պարզապես խայտառակություն է դիվանագիտական հարաբերությունների առումով և կարող է դիտարկվել իբրև հատուկ նշան կամ վերաբերմունք այդ երկրի հանդեպ։
Հարկ է նկատել, որ այդ ժամանակահատվածում, որոշ ժամանակ, Մեծ Բրիտանիան նույնպես իջեցրել էր իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը Հայաստանում (դեսպանից գործերի ժամանակավոր հավատարմատարի) և միայն վերջերս է Հայաստանում նշանակել նոր դեսպան։
Ստացվում է, որ դե յուրե, մինչ օրս, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Արմեն Սարգսյանն է, ով Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել իր նոր կարգավիճակից ելնելով` ծառայության երկիրը լքելուց ավելի քան երեք տարի անց։
Լուսանկարում՝ մի նշանավոր մարդու կիսանդրի է Լոնդոնի թանգարանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1134433843746751&id=100015404379664